Այն բանից հետո, երբ «Իսլամական պետությունը» գրավել էր Իրաքի հյուսիսում գտնվող բնակավայրերը, խմբավորումը մանրամասն շարադրել էր իր ինքնահռչակ խալիֆայությունում գործող կանոնները՝ սկսած տղամարդկանց մորուքների երկարությունից մինչեւ կնոջ ստրկացում:
Reuters-ի թղթակիցը դեռեւս մի քանի օր առաջ ԻՊ հսկողության տակ գտնվող գրասենյակներում խմբավորման անվանանշանով նյութեր եւ փաստաթղթեր է գտել: Իրաքի բանակի ներկայացուցիչները գործակալությանը պատմել են, որ դրանք ԻՊ փաստաթղթերն են, թեպետ դա անկախ աղբյուրներից ճշտել չի հաջողվել:
Այդ փաստաթղթերում հայտնաբերվել են բրոշյուրներ, որոնցում շարադրված են կանոնները, թե, օրինակ, ինչպես է պետք աղոթել: Կանաչ ներդիրի վրա պատկերված է կրոնական լվացում կատարող մի տղա: «Լվացե՛ք ոտքերը մատներից դեպի թաթեր ուղղությամբ»,- ասում են կանոնները:
5-էջանոց ոսկյա ապարանջարանների, ադամանդե մատանիների եւ ցորենի պատկերով բրոշյուրը պատմում է, թե ինչպես ողորմություն տալ, ինչը իսլամի 5 հիմնասյուներից մեկն է: Հրաժարվելու դեպքում խիստ պատիժ է սահմանված:
Իրաքի Էշ Շուրա բնակավայրում գրոհայինները գրառումներ էին բաժանում նրանց մասին, որոնք ողորմություն են տվել: Նկարագրություններում ասվում է, թե արդյոք ողորմություն տված մարդը ոսկի ունի, ունեցվածք կամ մեքենա, կամ որքան ամսական աշխատավարձ է ստանում:
Ի տարբերություն «Ալ Կաիդայի», որը Իրաքում ԻՊ նախորդն էր, «Իսլամական պետությունը» ջիհադական աշխարհում հայտնի է դարձել որպես Մերձավոր Արեւելքում մեծամասշտաբ տարածքներ գրաված առաջին խմբավորում, որն այնտեղ վարչակազմ է ձեւավորել:
ԻՊ-ը կանոնակարգում է նաեւ ռազմական ավարների բաշխումը: Կարմրա-վարդագույն բրոշյուրը պարունակում է 32 հարցուպատասխան, թե ինչպես վարվել գերեվարված կանանց հետ:
ԻՊ բարձրաստիճան քարոզիչն իրավունք ունի առեւանգած կանանց բաժանել իր մարտիկներին: «Ոչ մուսուլման կինը կարող է հարճ լինել: Գրոհայինը կարող է ունենալ 2 հարճ քույրեր, սակայն կարող է սեռական կապի մեջ մտնել միայն նրանցից մեկի հետ: Հարճի հետ քնել կարող է միայն մեկ տեր»,- ասված է բրոշյուրում:
Այդ նույն կանոնների համաձայն՝ կանայք պետք է հիմնականում տանը նստեն կամ դուրս գալիս ոտքից գլուխ մարմինը ծածկող սեւ զգեստ կրեն: Տղամարդիկ կարճ անդրավարտիքներ են կրում, իսկ մորուքները պետք է կոնկրետ երկարության լինեն:
ԻՊ գրոհայինները քիչ ժամանցի միջոցներ ունեն, քանի որ նրանց արգելված է օգտվել համացանցից եւ բջջային հեռախոսներից, ինչպես նաեւ երաժշտություն լսել: Արբանյակային կապի արգելքը թույլ չի տալիս այլ երկրներից նորություններ ստանալ: «Ինչու՞ ես պետք է ոչնչացնեմ արբանյակային ալեհավաքը» վերտառությամբ պաստառը 20 պատճառ է նշում, որոնք հիմնականում վերաբերում են հեռուստատեսության այլասերում տարածելուն:




























