Լոռու մարզում երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալա քաղաքի կամրջի մոտ կրակոցներ են արձակվել ընթացքի մեջ գտնվող «Համեր» եւ «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:
Կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ի երեկոյան՝ 20։30-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ Վ.Անտոնյանն իր ծանոթի հետ, վերջինիս ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցով երթեւեկելիս, տեսել է նույն մարզի բնակիչ Վ.Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի եւ նրա ընկերոջ՝ Ա.Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաները։
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Վ.Անտոնյանը հետապնդել է նրանց, ապա հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրի հատվածին՝ Ախթալա քաղաքի կամրջի վրա, նախապես իր հետ վերցրած ինքնաձիգից, Վ.Աբգարյանին սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել ընթացքի մեջ գտնվող երկու ավտոմեքենաների վրա, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. կրակոցները դիպել են «Համեր» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին։
Պարզվել է նաեւ, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենայում դեպքի պահին իրականում գտնվել է ոչ թե սեփականատերը, այլ վերջինիս ընկերը՝ Էդուարդ Պողոսյանը, սակայն ուշ ժամ լինելու եւ ավտոմեքենայի ապակիները մգեցված լինելու պատճառով Վ.Անտոնյանը չէր նկատել, որ Վ.Աբգարյանը ավտոմեքենայի մեջ չէ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Հ.Գ. Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ 2016 թվականի մայիսի 19-ին սպանելու դիտավորությամբ կրակոցներ են արձակվել Էդուարդ Պողոսյանի ուղղությամբ, որը ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով 2016թ. մայիսի 21-ին մահացել է: Նրա սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։



























