ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջին օրերին հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը շարունակում են փոխադարձ կշտամբանքներ հնչեցնել, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Թրամփը պնդում է, որ Քլինթոնի ընտրվելը կհանգեցնի սահմանադրական ճգնաժամի, քանի որ նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում անձնական փոստով գաղտնի ծառայողական նամակագրություն վարելու մեղադրանքով: Հանրապետական թեկնածուն 3 նախընտրական միջոցառում է անցկացնում Ֆլորիդայում, որը առանցքային նահանգներից մեկն է, եւ եթե միլիարդատեր թեկնածուն այնտեղ չհաղթի, ապա, իր իսկ խոսքով, ընտրություններում հաղթել հնարավոր չի լինի:
Քլինթոնը նույնպես մեկնել է Ֆլորիդա: Նա Թրամփին մեղադրում է կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի համար: Քլինթոնի նախընտրական շտաբը տեսանյութ էր հրապարակել՝ հիշեցնելով կանանց հասցեին Թրամփի կոպիտ մեկնաբանությունների մասին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը առաջ էր անցել նախընտրական արշավում: ABC News-ի եւ Washington Post-ի համատեղ սոցհարցման արդյունքները վկայում են, որ ընտրություններից 6 օր առաջ նա մեկ տոկոսով առաջ է անցել Հիլարի Քլինթոնից:
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հարցմանը մասնակցած ընտրողների 46 տոկոսը պատրաստ է ձայնը տալ Թրամփին: Միաժամանակ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել 45 տոկոսը:




























