ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան ընտրողներին նախազգուշացրել է, որ այն ամենը, ինչին հաջողվել է հասնել իր կառավարման ութ տարիների ընթացքում, ընտրություններում Հիլարի Քլինթոնի պարտության դեպքում կարող է կորչել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նա ելույթ է ունեցել Հյուսիսային Քարոլինայում, Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների հանրահավաքում: Օբաման նշել է, որ ամբողջ երկրի ճակատագիրը հիմա ընտրողների ձեռքերում է:

Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն իր հերթին Ֆլորիդայում կողմնակիցների հետ հանդիպմանն ասել է, որ Քլինթոնի հաղթանակը երկիրը սահմանադրական ճգնաժամի կտանի: Նրա խոսքով՝ հաղթանակի դեպքում Քլինթոնը կդառնա մի նախագահ, որին կհետապնդեն դատական հայցերը:

Այս խոսքերը հնչել են վերջերս շիկացած սկանդալի ֆոնին՝ կապված ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Քլինթոնի աշխատանքի հետ: