Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները: Մասնավորապես, 2016 թ.-ի  հոկտեմբեր ամսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:   

Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչեւ ս.թ. դեկտեմբերի 23-ը, նշված քաղաքի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:      

«Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի թվայնացման աշխատանքները բաժանորդներին պարզ, հարմար եւ բարձրորակ կապի ծառայություններ ապահովելու նպատակով: Ներկայումս ընթացող թվայնացման աշխատանքների շնորհիվ Գեղարքունիքի մարզի Գավառի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու Beeline-ի ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայություններից նոր որակով», -  նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։    

Նշենք, որ 2015 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 9 բնակավայրի հեռախոսային ցանց եւ մոնտաժել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների 2684 նոր պորտ 12 բնակավայրերում: