Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության փորձնական ծրագիր իրականացնելու մասին, որին կմասնակցեն Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: Ռուսաստանն առայժմ ձեռնպահ է մնում ծրագրին մասնակցությունից:
ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ փորձնական ծրագիրը նախ ուղղված է տեղեկատվական-տեխնոլոգիական լուծումների փորձարկմանը՝ ԵՏՄ անդամ պետությունների եւ ԵՏՀ-ի միջեւ ծառայողական նամակագրության ապահովման հարցում:
«Փորձնական ծրագրի իրականացման հիմնական արդյունքը պետք է դառնա ԵՏՄ անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործմանը գործնական անցումը՝ էլեկտրոնային թվային ստորագրություններով: Դա թույլ կտա զգալիորեն նվազեցնել ընթացիկ ծախսերը, մեծացնել Միության երկրների պետական մարմինների փոխգործակցության եւ ԵՏՄ շրջանակում որոշումների ընդունման օպերատիվությունը»,- ասել է ԵՏՀ Կոլեգիայի ներքին շուկաների, տեղեկատվական-հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հարցերի նախարար Կարինե Մինասյանը:



























