Հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների ցանկը հարկավոր է ընդլայնել: Նոյեմբերի 3-ին Կառավարության հերթական նիստի ընթացքում այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ համապատասխան հանձնարարություն տալով արդարադատության նախարարությանը:
Նրա խոսքով՝ արդեն մեծ թվով պաշտոնատար անձինք են հայտարարագիր ներկայացնում, բայց կան պաշտոնյաներ, որոնք ցանկում չլինելով, ընդգրկված են խոշոր պետական գնումների ռեեստրում եւ կոռուցիոն տեսանկյունից վտանգավոր այլ տեսակի գործունեության մեջ:
Այս կապակցությամբ վարչապետն արդարադատության նախարարին հանձնարարել է 3 շաբաթվա ընթացքում առաջարկներ ներկայացնել պաշտոնատար անձանց շրջանակն ընդլայնելու մասին, որոնք պարտավոր կլինեն հայտարարագիր ներկայացնել:




























