«Զվարթնոց» օդանավակայանի սակագները հարմար չեն բյուջետային ավիաընկերության համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանն՝ արձագանքելով Ռուսական «Պոբեդա» լոուքոսթեր ավիաընկերության հայտարարությանը։

«Ավիաընկերությունը նախընտրել է «Շիրակ» օդանավակայնը, բնականաբար, «Զվարթնոց» օդանավակայանի սակագները հարմար չեն բյուջետային ավիաընկերության համար, ամբողջ աշխարհում ընդունված է, եւ «Զվարթնոց» օդանավակայանի սակագները հարմար չեն բյուջետային ավիաընկերության համար։ Նորմալ երեւույթ է, որ բյուջետային ավիաընկերությոնը թռիչք է կատարում ոչ դասական օդանավակայաններից»,-պարզաբանել է խոսնակը։

Նշենք, որ «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել էր, որ Ռուսական «Պոբեդա» լոուքոսթեր ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստով-Երեւան չվերթներից «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորների սպասարկման բարձր արժեքի պատճառով։

«Մենք որոշել ենք հրաժարվել դեպի Երեւան թռիչքներից օդանավակայանում ուղեւորների սպասարկման անհամաչափ բարձր արժեքի պատճառով։ «Զվարթնոց» օդանավակայանում այն կազմում է մեկ մարդու համար 50 եվրո ՝ ավելին քան մեր սակագինը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

«Պոբեդան» դեռ հուլիսին էր ստացել Դոնի Ռոստով-Երեւան կանոնավոր չվերթների թույլատվություն ՝ շաբաթական չորս անգամ հաճախությամբ, բայց չվերթները այդպես էլ չեն սկսվել։