Վերջին տարվա ընթացքում Հայաստանում ներդրումները 7 անգամ կրճատվել են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ հանձնաժողովներում 2017-ի պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ միայն Թուրքիան եւ միայն Վրաստանում 7-8 անգամ ավելի շատ է ներդրումներ կատարում, քան Հայաստանում բոլոր երկրները միասին: «Միայն Իրանն Ադրբեջանում 10 անգամ ավելի ներդրումներ է կատարում, քան բոլոր երկրները Հայաստանում: «Մետաքսի ճանապարհ» ծրագրով միայն Վրաստանն իրականացրել է մոտ 40 մլրդ դոլարի միջազգային նախագծեր: Ո՞րն է մեր Արտաքին գործերի նախարարության աշխատանքը, որի շնորհիվ Հայաստանը գրավիչ կդառնա, որտեղ փողեր եւ բիզնես կբերեն: Հայաստանը ներկայումս տարածաշրջանում անկլավ է»,- ասել է Մանուկյանը: Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի բոլոր հարեւանները միմյանց հետ երկարաժամկետ ռազմավարական տնտեսական ծրագրեր են իրականացնում:
«Մեր ռազմավարական դաշնակից Իրանն այսօր Ադրբեջանում շատ ավելի մեծ թվով ծրագրեր է իրականացնում, քան մեզ հետ: Որտե՞ղ է մեր ռազմավարությունը, որի համաձայն Հայաստանը քաղաքական, տնտեսական կենտրոն, միջազգային սուբյեկտ կդառնա: Հայաստանն առաջ կընթանա՞»,- հարց է հնչեցրել Մանուկյանը:




























