Ադրբեջանի կողմից Պակիստանից սպառազինություններ գնելն իրատեսական է, սակայն հարցեր է առաջացնում: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:
Մեկնաբանելով ադրբեջանական մամուլում հայտնված հրապարակումները՝ փորձագետը նշել է, որ նման ինֆորմացիոն խարդախությունները նորություն չեն: «Ադրբեջանական կողմը կշարունակի իրադարձությունները ներկայացնել իր համար շահավետ կողմից, սակայն իրականում չի կարելի բացառել Ադրբեջանի կողմից Պակիստանից սպառազինություններ գնելը»,- նշեց փորձագետը:
Նրա խոսքով՝ խոսքը բալիստիկ հրթիռներ ստանալու փորձի մասին է: «Բայց ոչ դրանց ստեղծման տեխնոլոգիաների»,- պարզաբանել է Արկադի Գրիգորյանը:
«Մեկ այլ հարց է, որ Ադրբեջանում նման հրթիռների առկայությունը պետք է մտահոգի տարածաշրջանային այլ խաղացողների՝ Ռուսաստանին, Իրանին եւ Վրաստանին, քանի որ հրթիռները կարող են օգտագործվել նրանց դեմ: Վրաստանին դա պետք է մտահոգի, քանի որ պակիստանական արտադրության հրթիռները, Երեւանի կողմ ուղղված լինելով, կարող են ընկել Թբիլիսիի վրա»,- ամփոփեց Արկադի Գրիգորյանը:




























