Հայաստանը 2016 թվականի աշխարհի ամենաբարգավաճ երկրների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը: Այս մասին ասված է Legatum Institute կազմակերպության ամենամյա Prosperity Index վարկանիշային աղյուսակում, փոխանցում է Business Insider-ը:

Հայաստանն առաջ է անցել հարեւան Ադրբեջանից, որը զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը, եւ Իրանից, որը 114-րդն է: Մեր երկիրը, սակայն, զիջում է Վրաստանին (94) եւ Թուրքիային (78): Իսկ Ռուսաստանը ցուցակում 95-րդ տեղում է՝ անձնական ազատությունների ամենավատ ցուցանիշով:

Վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Նոր Զելանդիան:

Նորվեգիան, որը 7 տարի շարունակ առաջատար էր այս ցուցակում, հայտնվել է 2-րդ տեղում՝ զիջելով բոլոր չափանիշներով, բացի կրթությունից, անվտանգությունից եւ բնապահպանությունից: Իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆինլանդիան: Այս երկիրը լավագույնն է ճանաչվել օրենքի գերակայության, ժողովրդավարության զարգացման եւ իշխանության արդյունավետության տեսանկյունից:

Շվեյցարիան, որն առաջատար է կրթության ոլորտում, զբաղեցրել է 4-րդ տեղը: Նրան հաջորդում են Կանադան, Ավստրալիան, Նիդեռլանդները, Շվեդիան եւ Դանիան: Մեկ տարի առաջ 15-րդ հորիզոնականում գտնվող Մեծ Բրիտանիան բարելավել է իր դիրքերը եւ եզրափակում է թոփ-10-ը:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Աֆղանստանն ու Եմենը՝ 148-րդ եւ 149-րդ հորիզոնականներ համապատասխանաբար:

Վարկանիշը կազմելիս Legatum Institute-ը հաշվի է առել 104 գործոն, որոնք բնութագրում են 149 երկրներին: Այդ գործոնների թվում են մեկ շնչի բաժին ընկնող ՀՆԱ-ն, զբաղվածության մակարդակը եւ այլ տնտեսական ցուցանիշները, ինչպես նաեւ բջջային հեռախոսների թիվն ու մանկական մահացության մակարդակը, ազատ ընտրությունների նկատմամբ քաղաքացիների հավատը: