Պաշտոնական տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում գրանցված իրավախախտումների թիվը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 1/10 անգամ, ավեկի կոնկրետ՝ 11 տոկոսով եւ կազմել 14.2 հազար դեպք:
Այդ շարժի «առաջատարներից» մեկը սեփականության դեմ հանցագործություններն են, որոնք հարաբերականորեն մեծացրել են ընդհանուր ցուցանիշը գրեթե 27 տոկոսով: Նշենք, որ երկրում իրավախախտումների մոտ 40 տոկոսը բաժին է ընկնում հենց այդ խմբին, որին հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել 5.6 հազար գրանցված դեպք: Հասկանալի է, որ դա միայն այսբերգի գագաթն է: Չէ՞ որ ասենք երթուղայինում կամ տոնավաճառում դրամապանակի պարզ գողության դեպքերի մասին տուժողները ոստիկանություն չեն հայտնում: Պատճառը պարզ է. դա խոտի դեզում ասեղ փնտրել է:
Հենց այդ խմբում ավելի քան 90 տոկոսը բաժին է հասնում անձնական սեփականության դեմ հանցագործություններին եւ միայն մի փոքր մասը՝ պետական կամ հանրային ունեցվածքի յուրացմանը: Անձնական սեփականության ոլորտում կա քանակական աճ յուրացումների բոլոր տեսակներում՝ կողոպուտ, ավազակային հարձակում եւ գողություն: Վերջինն ամենատարածված տեսակն է, դրան բաժին է հասնում անձնական սեփականության դեմ իրավախախտումների մոտ 80 տոկոսը:
Ծանր հանցագործությունների, ավազակային հարձակումների եւ կողոպուտի բաժինը համեմատաբար քիչ է. հունվար-սեպտեմբերին դրանք կազմել են համապատասխանաբար 0.8 եւ 3.7 տոկոս: Նշենք, որ գողության (թաքուն յուրացում), կողոպուտի (բացահայտ գողություն) եւ կողոպուտի ամենավտանգավոր տեսակի՝ բռնության կամ սպառնալիքի միջոցով յուրացնելու միջեւ սահմանները շատ աղոտ են: Իրադրության փոփոխությամբ գողությունը կարող է հեշտությամբ վերածվել կողոպուտի եւ այլն: Հանցագործությունների մնացած տեսակները վերաբերում են խարդախությանը՝ 13.5 տոկոս եւ ուրիշի ունեցվածքը վատնելուն՝ 2.8 տոկոս:
Ի տարբերություն այս հանցագործությունների՝ կան ավելի խաղաղ իրավախախտումներ, որոնք իրականացվում են մասնակցող կողմերի փոխհամաձայնությամբ: Ամեն տարի մեր երկրում կայուն կերպով գրանցվում է կաշառակերության ավելի քան 500 դեպք: Յուրօրինակ «ռեկորդ» էր սահմանվել 2013-ին՝ 782 դեպք: Գրանցված դեպքերի ընդհանուր թիվը վերջին 5 տարում կազմել է ավելի քան 3.7 հազար:
Ահա այստեղ անհասկանալի է, թե յուրաքանչյուր դեպք միակն է կոնկրետ տուգանված պաշտոնյայի համար, թե կան կրկնություններ: Ընդգծենք, որ սրանք միայն գրանցված դեպքերն են: Այպես որ բացառված չէ, որ այստեղ նույնպես խոսքը այսբերգի գագաթի մասին լինի:




























