«Սանիտեկ» ընկերությունից պնդում են, որ աշխատակցի մահվան մեջ մեղադրվող Վահե Փայտյանը իրենց հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը չէ, ինչպես ներկայացված է մեղադրական եզրակացության մեջ:

«Վահե Փայտյանը ավտոպարկի ղեկավարի օգնականն է, չգիտենք՝ ինչու են ներկայացրել որպես ղեկավար: Մենք այս պահին ձեռնպահ ենք մնում որեւէ մեկնաբանություն անելուց»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության հանրային հարաբերությունների ղեկավար Էլիանորա Շխրդմյանը:

Ըստ մեղադրական եզրակացության` Փայտյանը հրահանգավորումներ չի անցկացրել աշխատակիցներ` վարորդ Հովհաննես Խաչատրյանի եւ բանվոր Նորայր Նուրիջանյանի հետ: Դրա հետեւանքով աղբատար ավտոմեքենայի հետ աղբաթափման աշխատանքներն իրականացնելիս խախտվել են անվտանգության կանոնները. ավտոմեքենայի հիդրավլիկ համակարգի միացված լինելու պայմաններում բանվոր Նորայր Նուրիջանյանը մտել է փաթեթավորման բունկերի մեջ, որի ժամանակ էլ պատահաբար միացել է փաթեթավորման գլանը եւ Ն.Նուրիջանյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային բաց վնասվածք, ինչի հետեւանքով նա մահացել է:

Վահե Փայտյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: