«Ազգային ինքնորոշում» միավորումը որոշել է 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել՝ քաղաքական մյուս ուժերի հետ Ժողովրդավարական միություն ստեղծելով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ Ժողովրդավարական միության ստեղծումը կդառնա երկրում իրավիճակը փոխելու ամենակարճ ճանապարհը: «Այդ միությունը խորհրդարանական ընտրություններում կստանա ձայների 80 տոկոսը: Բոլոր տարաձայնությունները, անգամ սկզբունքային, մի կողմ դնենք: Նախընտրական փուլում դրանց քննարկումն աննպատակահարմար է: Մեր նպատակն է միասնական թիմով խորհրդարանում մեծամասնության հասնելը, իսկ տարաձայնությունները հետո խորհրդարանում կքննարկենք»,- նշել է Պարույր Հայրիկյանը՝ համոզմունք հայտնելով, որ սա արդյունավետ գործող տարբերակ է:
Հարցին՝ «Ազգային ինքնորոշումը» ո՞ր ուժերի հետ միություն կկազմեր, Հայրիկյանը պատասխանել է. «Հանրապետական կուսակցությունից բացի՝ բոլոր ուժերի հետ, քանի որ ինչ-որ փուլից հետո հանրապետականներն էլ այստեղ կգան: Սակայն ընդհանուր առմամբ ոչ մեկին չենք բացառում»:




























