Մի քանի ամիս անց Երեւանի քաղաքապետարանը կարող է տրոլեյբուսային նոր երթուղիների համար վարկ խնդրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:
Հիմա ավարտում են ապագա վարկային հայտի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը: Արեւմտյան Եվրոպայից խորհրդատվական ընկերությունը մի քանի առաջարկություն կներկայացնի, որոնցից քաղաքապետարանը կընտրի ամենահարմարը՝ ըստ «գին-արդյունք» հարաբերակցության: Առաջարկվում է տրոլեյբուսային 2 նոր երթուղի բացել (մեկը՝ Դավիթաշենում), ինչպես նաեւ թարմացնել տրոլեյբուսային պարկը եւ մալուխային ցանցը:
Նախնական գնահատականներով՝ աշխատանքների առավելագույն արժեքը 30-35 մլն դոլար է: Բայց կարելի է նաեւ ավելի քիչ ծախսով սահմանափակվել: «Օրինակ՝ տրոլեյբուսային պարկն ամբողջությամբ թարմացնելու, նաեւ՝ 70-80%-ով թարմացնելու տարբերակներ կան: Մեքենաների մի մասն արդեն նոր է, այնպես որ՝ ամբողջությամբ դրանք փոխելու կարիք չի լինի»,- պարզաբանեց Նիկոյանը:
Փոխզիջումային կրճատումներով հնարավոր է գումարը հասցնել մոտավորապես 20 մլն դոլարի: Բայց դա, ըստ Նիկոյանի, մոտավոր հաշվարկ է:
Հիշեցնենք, որ «Երեւանյան էլեկտրատրանսպորտ» ընկերության 2011 թվականի գնահատականով, մայրաքաղաքի տրոլեյբուսների մաշվածությունը հասնում է 60%-ի, կապի ցանցինը՝ 70%, ենթակայանինը՝ 90%:
Նշենք, որ 1980-ականների վերջին Երեւանում 256 կմ-անոց տրոլեյբուսային ցանց էր շահագործվում, հիմա՝ միայն 72:




























