Հայաստանին դեֆոլտ դեռ չի սպառնում։ Այս մասին նոյեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
Նրա խոսքով, դեֆոլտ լինում է , երբ պետությունը անվճարունակ է, երբ ի վիճակի չէ սպասարկել արտաքին պարտքը, աշխատավարձեր վճարել եւ այլն։ «Մեր երկրում հիմա նման իրավիճա՞կ է։ Առայժմ ոչ»,- ասել է Վիլեն Խաչատրյանը։ Երկրին սպառնացող դեֆոլտի մասին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ, ըստ տնտեսագետի, թվային հիմնավորումներ չկան։ «Ես ինքս քաղաքագետ չեմ, բայց այդ հարցը դիտարկում եմ որոշ չափով քաղաքական ենթատեքստում։ Հայտարարության մեջ խոսվում է ընտրական գործընթացի , Կառավարության քայլերի մասին ու այդ ֆոնին օգտագործվում է «դեֆոլտ» արտահայտությունը։ Մեր երկրում կարող է լինել տեխնիկական դեֆոլտ պետական պարտքի մասով, բայց կարծում եմ ԱԺ-ն բավականին հեշտությամբ պարտքի նշաձողը կհասցնի 70 տոկոսի, դրանով իսկ լուծելով այդ խնդիրը»,- հավելել է Վիլեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր․ «Քանի դեռ ռեժիմը զբաղված է կառավարման համակարգերի ու ընտրական մեխանիզմների բարեփոխման թատերական ներկայացումներով, որոնք միանշանակ ոչ այնքան պետության ապաքինմանն են ուղղված, որքան սեփական իշխանության հավերժացմանը, մոտ ժամանակներս մեր երկրին իսկական տնտեսական աղետ է սպասվում՝ դեֆոլտ»։




























