Հայաստանի հարավում Քարքարի երկրաջերմային տեղանքում որոշվել է երկրորդ խորը հետազոտական հորը փորել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նրա խոսքով՝ առաջին հորի խորությունը հասցվել է գրեթե 1500 մետրի: Այս խորության վրա +100-ից քիչ բարձր ջերմաստիճան է գրանցվել:
Երկրորդը հորը որոշվել է ավելի խորը փոխել, որպեսզի հնարավոր լինի ավելի հստակ գնահատել ե՛ւ ստորգետնյա պահուստարանի ջերմության ծավալը, ե՛ւ տարբեր կետերում դրա ճնշումը:
Աշխատանքների ժամկետը կախված կլինի կլիմայական պայմաններից. հորատման տարածքը շուրջ 2950 մետր բարձրության վրա է:
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրաջերմային պաշարների հետազոտության երկրորդ փուլն իրականացվում է 2015 թվականից, Համաշխարհային բանկից ստացված 8.55 մլն դոլարի դրամաշնորհով: Առաջին փուլը՝ դարձյալ ՀԲ-ի տրամադրած դրամաշնորհով նախնական ուսումնասիրությունը, ավարտվել է 2012 թվականին:
Նախագծի համաձայն՝ մինչեւ 2018 թվականի մայիսը պետք է տեխնիկա-տնտեսական հիմնավորում կազմվի, որպեսզի Կառավարությունը կարողանա որոշել, արդյո՞ք բավականաչափ ջերմություն կա՝ այնտեղ երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու համար:
Նախագծին վերաբերող Համաշխարհային բանկի փաստաթղթերի համաձայն՝ մինչեւ +110 աստիճանը բավարար չէ էլեկտրականություն ստանալու համար: 110-250 աստիճանի պարագայում կայան կարելի է կառուցել միայն բինար՝ կրկնակի տեխնոլոգիայի միջոցով (ջրային գոլորշուց մեկ այլ հեղուկի ջերմության փոխանցմամբ): Միայն եթե հետազոտությունը +250-ից բարձր ջերմաստիճան բացահայտի, հնարավոր կլինի ակնթարթային շոգեկազմավորման (flash steam) կայանի շինարարություն ձեռնարկել: ՀԲ-ի մասնագետների գնահատմամբ՝ նման էլեկտրաէներգիային ինքնարժեքը շուկայական կլինի (կհամեմատվի փոքր ՀԷԿ-երի եւ գազով աշխատող ՋԷԿ-երի գնի հետ):



























