Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի հայտարարությունն այն մասին, որ ես իրենց համապատասխան փաստաթղթեր չեն տրամադրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վատթարացման մասին, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:
«Ինչպե՞ս կարող է օմբուդսմենի գրասենյակը հայտարարել, որ Հայարփի Սարգսյանից փաստաթղթեր են պահանջել, բայց նա հրաժարվել է դրանք տրամադրել: Ծիծաղելի է: Անկեղծ ասած՝ ես միայն այդ հայտարարությունից իմացա, որ նրանք ինձանից ինչ-որ բան են պահանջել: Ինչ վերաբերում է նշված փաստաթղթին, ես այն գաղտնի չեմ պահում: Այն ստացել եմ սեպտեմբերի 20-ին, եւ արդեն երկու ամիս է՝ օգտագործում եմ այն»,- նշեց Հայարփի Սարգսյանը:
Նա պատմեց, որ փաստաթղթի հիման վրա բժշկի բոլոր մտահոգություններն ու հարցումներն ուղարկել է «Էրեբունի» բուժկենտրոն, իսկ փաստաթղթի պատճենը՝ առողջապահություն նախարարություն:
««Էրեբունի» ԲԿ-ից ոչ լիարժեք պատասխան եմ ստացել, որը Նիդեռլանդներից բժիշկը ոչ պրոֆեսիոնալ է համարում: Մենք հարց տվեցինք. ինչո՞ւ Հովհաննես Հարությունյանին չեն վիրահատել եւ ի՞նչ վտանգներ կարող էր պարունակել վիրահատությունը: Մեզ չպատասխանեցին: Ստիպված կրկին բարձրացրեցի այդ հարցերը, իսկ պատճենն ուղարկեցի Առողջապահության նախարարություն»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները պետք է գնային «Էրեբունի» ԲԿ եւ ծանոթանային իր բարձրացրած հարցերին: «Ես կարող եմ նույնիսկ հրապարակել բուժկենտրոնի պատասխանն ու նախարարի նամակի պատճենը, որպեսզի նրանք տեսնեն, որ այդ փաստաթուղթը վաղուց արդեն օգտագործվում է: Որպես փաստաբան՝ ես ՄԻՊ գրասենյակից պաշտոնական հերքում եմ պահանջում»,- հայտարարեց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՄԻՊ գրասենյակը նախօրեին հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին տվյալները, մասնավորապես՝ վիրավոր ոտքի վիճակի վատթարացման մասին, համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով չեն հաստատվել:




























