Էներգախնայողությունից ստացված էներգիան 4-ից 5 անգամ ավելի էժան է, քան նոր արտադրվողը, այդ պատճառով էներգախնայողությանն ուղղված տարրական միջոցառումները ոչ միայն կօգնեն գումար խնայել, այլեւ գլոբալ նշանակություն կունենան ողջ երկրի էկոլոգիայի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման–սեմինարի ժամանակ ասաց Երիտասարդ Ինժեներների Ասոցացիա ՀԿ-ի տնօրեն Հովհաննես Կարապետյանը:

Հովհաննես Կարապետյանի խոսքով էներգախնայողութան քաղաքականությունը հիմնվում է բարձր հասարակական գիտակցության վրա, որը դաստիարակելու եւ կիրառելու համար անհրաժեշտ է տեղեկացված լինել։ ՀԿ-ի տնօրենը ներկայացրեց էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաեւ ոլորտի հիմնական հասկացությունները:

ՀՀ էլեկտրաէներգիա է արտահանում Արցախ, Վրաստան եւ Իրան:

Յուրաքանչյուր տարի ՀՀ-ում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սպառման 2% աճ, եւ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նույն չափով աճում է:

Այս դեպքում խնդիր է ոչ միայն ավել էլեկտրաէներգիա արտադրելու հարցը, այլեւ էներգախնայողությանը կտրուկ անցումը:

Տարբերում են էներգախնայողության երկու տեսակ՝ առաջնային եւ երկրորդային: Եթե առաջնային էներգախնայողությունը սահմանափակվում է վառելիքաէներգետիկ ռեսուրսների քիչ արտահանմամբ եւ խնայողաբար օգտագործմամբ, ապա երկրորդայինը իր հերթին բաժանվում է երեք տեսակի՝ ծախսեր չպահանջող (չօգտագործվող աղբյուրների անջատում), քիչ ծախսեր պահանջող (լուսավորության արդիականացում, սարքավորումների խնայողաբար օգտագործում, պարզ կառավարման համակարգերի ներդրում-սենսորային անջատիչներ եւ այլն) եւ շատ ծախսեր պահանջվող (շինությունների ջերմամեկուսացում, սարքավորումների փոխարինում ավելի էներգախնայող տեսակներով):

«Մեր հասարակությունում չկա էներգախնայողության տարրական կուլտուրա. մենք վատնում ենք էներգիան ինչպես անհեռատես հարուսները»,- ասել է Հովհաննես Կարապետյանը եւ հավելել. «Գրեթե ցանկացած բնակարանում՝ անկախ դա անհրաժեշտ է, թե ոչ, միացված է ողջ լուսավորությունը: Մինչդեռ կարելի է վառել այն սենյակի լույսը, որում գտնվում ես»:

Երիտասարդ Ինժեներների Ասոցացիայի տնօրենի խոսքով լուսավորության համար օգտագործվող լամպերն առանձին թեմա են: Մեզ մոտ շրջանառությունից դեռ դուրս չեն եկել շիկացման լամպերը, որոնք զարգացած երկրներում արդեն արգելված են: Դրանք թե հզորության ցուցանիշով (40Վտ) են զիջում լուսադիոդային եւ կոմպակտ-լյումինիսցենտային լամպերին, թե օգտագործման երկարաժամկետության (1000 ժ), էկոլոգիապես անվտանգության եւ այլ ցուցանիշներով:

Ի տարբերություն շիկացման լամպերի՝ լուսադիոդային եւ կոմպակտ-լյումինիսցենտային լամպերը նախընտրելի են բոլոր տեսանկյուններից: Դրանք ավելի հզոր են, ավելի երկար են ծառայում, ջերմային ճառագայթման միջոցով կորուստներն էլ քիչ են:

«Հաշվի առնելով բոլոր տվյալները՝ միանշանակ կարելի է պնդել, որ առաջատարը լուսադիոդային լամպերն են, քանի որ դրանք ունեն ամենաերկար ծառայելու ժամկետը՝ մինչեւ 20 000 ժամ, էկոլոգիապես անվտանգ են, անջատել-միացնելու դեպքում չի կրճատվում դրանց ծառայելու ժամկետը եւ որ պակաս կարեւոր չէ՝ դրանք հնարավոր է վերանորոգել: Ճիշտ է, դրանք միջինում շարքային շիկացման լամպից 5-6 անգամ թանկ են, սակայն այդ գումարը ծախսելով՝ դուք էլ ավելին կխնայեք»,- ասում է Հովհաննես Կարապետյանը:

Բնակարանների եւ շենքերի ջերմամեկուսացումը նույնպես էներգախնայողությանն ուղղված կարեւոր քայլ է, որը փոքրի-ինչ ծախսատար է, բայց ամբողջությամբ արդարացված:

Խոսելով վերականգնվող էներգիայի աղբյուրների մասին՝ ԵԻԱ-ի տնօրենը ներկայացրեց արեւային, հիդրո, հողմային, երկրաջերմային, կենսազանգվածային եւ կենսագազային էներգետիկայի աշխատանքի սկզբունքերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Երիտասարդ Ինժեներների Ասոցացիան կազմակերպել էր հանդիպում-սեմինար՝ նվիրված էներգախնայողությանն ու վերականգնվող էներգետիկային: