Դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել խոշոր չափերի ադամանդներ հափշտակելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններում Հնդկաստանի քաղաքացուն սպանելու մեջ մեղադրվող երեք ՀՀ քաղաքացիների համար: Այս մասին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ճառի ժամանակ ասել է դատախազ Արիս Բարսեղյանը: Նա ավազակություն կատարելու համար ամբաստանյալների համար պահանջել է 15 տարվա ազատազրկում, իսկ ավազակությամբ զուգորդված սպանության համար՝ ցմահ ազատազրկում:
Ըստ մեղադրանքի՝ 35-ամյա Հովհաննես Մելքոնյանը ստեղծել է կազմակերպված կայուն հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է 24-ամյա Խոսրով Մելքոնյանին եւ նրա ընկերոջը՝ 26-ամյա Սեմյոն Եդիգարյանին:
Ըստ մեղադրանքի` 2013 թ. դեկտեմբերի 18-ին Հովհաննես Մելքոնյանը մեկնել է Դուբայ ու մտադրվել է ավազակային հարձակում գործել Հնդկաստանի քաղաքացի, «Color Source for Gold and Diamonds Company» ընկերության աշխատակից Սալոնկիի նկատմամ: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Հովհաննես Մելքոնյանը կազմակերպված խմբում ներգրավված Խոսրովի ու Սեմյոնի Դուբայ մեկնելու ծախսերը հոգացել է անձամբ:
Դուբայում Հովհաննեսն ու Խոսրովը հանդիպել են Սալոնկիին, հանցագործության կատարման օրվա համար պատվիրել են ադամանդների մեծ խմբաքանակ: Հովհաննեսն ու Սեմյոնը, պատվիրած ադամանդները ոչ թե գնելու, այլ հափշտակելու դիտավորությամբ հանդիպման վայրում հարձակվել են Սալոնկիի վրա, Հովհաննեսը կպչուն ժապավենով կապել է Սալոնկիի ձեռքերը, Սեմյոնը կապել է ոտքերը, ապա Սալոնկիի գլխին անցկացրել են երկու պոլիէթիլենային փաթեթ, դրանց եզրերը կպչուն ժապավենով սեղմել են, փակել օդի հոսքը եւ խեղդել նրան: Այնուհետեւ հափշտակել են 1 միլիոն 700 հազար դոլար արժողությամբ 6800 կարատ տարբեր գույների ադամանդ:
Այնուհետեւ Խոսրովին են փոխանցել հափշտակված ադամանդները, որը ադամանդները լցրել է օճառահեղուկի շշերի մեջ, սակայն, «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանները Հովհաննեսի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են թաքցված ադամանդների կեսը:
Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահները միջնորդություն էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը ՀՀ երեք քաղաքացիներին իրենց հանձնելու վերաբերյալ, սակայն ՀՀ գլխավոր դատախազը այդ մերժել էր:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 10-ին:


























