Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում զարգացման մեծ ներուժ ունեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Շարպանտիեն շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն պաշտոնավարման ընթացքում:
Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարեւորել է Ֆրանսիայի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկիր: Անդրադառնալով պաշտպանական բնագավառում համագործակցությանը՝ կողմերը փաստել են, որ փոխգործակցությունը պաշտպանության՝ հատկապես միջազգային խաղաղապահության ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի, հաշվի առնելով երկու երկրների միջեւ առկա միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել պաշտպանության ոլորտում համագործակցության եւ ռազմաքաղաքական մակարդակում պարբերական երկկողմ շփումների ակտիվացման ուղղությամբ:
Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:




























