ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, մասնավորապես խոշոր միջազգային հակամարտություններում ներգրավվելուց խուսափելու միտումը կշարունակվի նաեւ նախագահական ընտրություններից հետո։ Նման տեսակետ է հայտնել բրիտանական BBC –ի խմբագիր Մարկ Ուրբոնը։

Չնայած թեկնածուների խորհրդականների վստահեցումներին՝ Դոնալդ Թրամփի առաջարկները՝ վերանայել ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, կամ ասենք Հիլարի Քլինթոնի մտադրությունը՝ Սիրիայում անօդաչու գոտի սահմանելու մասին, իրականում նվազ արմատական են, քան ներկայացվում են, ու արմատական փոփոխություններ չարժե ակնկալել։ «Մինչ հանրապետականները Բարաք Օբամային հանդիմանում են գլոբալ լիդերությունից հրաժարվելու համար, իսկ ոմանք էլ համարում են, որ Հիլարի Քլինթոնի քաղաքականությունը ավելի ինտերվենցիոնիստական է լինելու, իրականում ընտրված նախագահը ձգտելու է խուսափել Իրաքում ու Աֆղանստանում տեղի ունեցածի կրկնությունից»,- համարումէ վերլուծաբանը։

Նրա խոսքով ամերիկացիները հասկանում են, որ ԱՄՆ-ն բավականին ծախսատար ու տեւական ռազմական պարտավորություններ է ստանձնել, որոնք հիմա նրա գրպանի չափով չեն։

Մարկ Ուրբոնը համարում է, որ չնայած Վաշինգթոնում իսթեբլիշմենթի մեծ մասը արտաքին քաղաքականության առումով նախապատվությունը Քլինթոնին է տալիս, նրա գործողությունների ազատությունը սահմանափակվելու է գերտերությունների աշխարհի նոր իրողություններով, նաեւ ներքաղաքական գործոններով։

Հենց այն զգացողությունը, որ ԱՄՆ-ն կորցնում է նախաձեռնությունը ուժային քաղաքականության աշխարհում, Թրամփին դրդել է ավելի մեծ պաշտպանական ծախսեր ո Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առեւտրային քաղաքականություն առաջարկել։ Վերլուծաբանի կարծիքով թեկնածուներից ոչ մեկը չի կարող լուծել փոխվող աշխարհակարգի խնդիրը, ինչը հետեւանքն է այն բանի, որ Չինաստանի ու Ռուսաստանի նման երկրները շատ են ծախսում սպառազինման վրա ու այն օգտագործելու ավելի մեծ քաղաքական կամք ունեն։

Այսպիսով Թրամփի վստահեցումները այն մասին, որ ինքը մտադիր չէ ԱՄՆ-ին ներքաշել օտարերկրյա պատերազմներում կամ էլ Քլինթոնի հայտարարություններն այն մասին, որ Սիրիայում իր քաղաքականությունը մեծ էսկալացիայի չի հանգեցնի, կարելի է դիտարկել որպես յուրատեսակ իրավահաջորդություն։ Չէ ՞ որ նախագահ Օբաման էր հպարտությամբ ասում, որ ամերիկացի զինվորներին տուն է բերել երկու պատերազմներից ու խիստ սահմանափակել Լիբիայում ու Սիրիայում գործողություններին ԱՄՆ մասնակցությունը։