ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախանշված են նոյեմբերի 8-ին: Երկրի ընտրական համակարգը բավականն բարդ է, եւ դրանից գլուխ հանելու համար CNN Politics-ը նախագահի ընտրության վերաբերյալ որոշ հետաքրքիր փաստեր է ներկայացրել:
Այսպես, օրինակ, ձայների ավելի քան 40%-ը թեկնածուներին տրվում են դեռեւս ընտրությունների օրվանից առաջ: Որոշ նահանգներում թույլատրվում է ավելի վաղ քվեարկել, կարելի է նաեւ միտքը փոխել եւ նորից քվեարկել:
Ընտրություններն անցկացվում են երեքշաբթի՝ աշխատանքային օր, եւ սա նույնպես բացատրություն ունի: Ժամանակին ԱՄՆ-ն ֆերմերների երկիր էր, որոնք կիրակի օրերին եկեղեցի էին գնում, իսկ չորեքշաբթի՝ առեւտուր անում: Այդպիսով, երեքշաբթի նշանակված ընտրությունները ֆերմերներին ժամանակ էին տալիս՝ ընտրատեղամաս հասնելու եւ տուն վերադառնալու համար: Ինչո՞ւ նոյեմբեր: Որպեսզի մարդիկ կարողանային քվեարկել աշնանային բերքահավաքից անմիջապես հետո, բայց մինչ ձմռան վրա հասնելը, երբ ինչ-որ տեղ հասնելն ավելի բարդ է:
ԱՄՆ-ի ցանկացած քաղաքացի իրավունք ունի նախագահ դառնալ: Նրա 35 տարին պետք է լրացած լինի, եւ նա պետք է ԱՄՆ-ում բնակվի 14 տարվա ընթացքում:
Ընտրական համակարգը բավական բարդ է: Հաղթողը որոշվում է Ընտրական կոլեգիայի կողմից. մարդկանց խումբ, որոնց ընտրում են կուսակցությունները: Նրանց թիվը պետք է հավասար լինի Կոնգրեսի անդամների թվին՝ 538: Յուրաքանչյուր նահանգում Կոլեգիայի անդամ է ընտրվում 3 անձ, Նյու Յորք նահանգից՝ 29: Քվեարկությանը հաղթում է այն թեկնածուն, որը ստանում է Ընտրական կոլեգիայի անդամների առնվազն 270 ձայները: Ոչ ոքիի դեպքում, որի հավանականությունը չափազանց քիչ է, Կոնգրեսը նախագահ է ընտրում, իսկ Սենատը՝ փոխնախագահ:
Խոսելով 2016 թվականի աննախադեպ ընտրարշավի մասին՝ CNN-ի վերլուծաբանները նշում են, որ առաջին անգամ ներկայացվել են երկու «ամենաատելի, զզվելի, վստահություն չներշնչող թեկնածուներ»:
Նոր նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է հաջորդ տարվա հունվարի 20-ին:




























