ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի համոզմունք է հայտնել, որ իր շխանավարման տարիներին ԱՄՆ-ն աշխարհում ավելի ուժեղ եւ հարգված երկիր է դարձել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փենսիլվանիայի նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում Քլինթոնին աջակցող ելույթը երկրի ղեկավարը մասամբ նվիրել է սեփական վարչակազմի ձեռքբերումների թվարկմանը: Մասնավորապես՝ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ առողջապահության բարեփոխման շնորհիվ «ավելի քան 20 մլն ամերիկացիներ բժշկական ապահովագրության հնարավորություն են ստացել»:
«Մենք արտասահմանից տուն վերադարձրեցինք մեր զինծառայողներին: Ոչնչացրեցինք Ուսամա բեն Լադենին: Ամերիկան աշխարհում ավելի ուժեղ եւ հարգված երկիր է դարձել»,- ասել է գործող նախագահը:
Խոսելով Հիլարի Քլինթոնի մասին՝ Օբաման ընդգծել է, որ նոյեմբերի 8-ի ընտրություններում «ամերիկացիները հնարավորություն ունեն քվեարկելու այն թեկնածուի օգտին, որը կամրապնդի մեր հաջողությունը, խելացի եւ կայուն նախագահի օգտին»:
Օբաման նաեւ խիստ քննադատության է ենթարկել նախագահի պաշտոնի համար պայքարում Քլինթոնի մրցակցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին՝ նրան անվանելով «գլախվոր հրամանատարի պարտականությունների կատարմանն անընդունակ»:
«Հուսով եմ, որ երեքշաբթի դուք կմերժեք վախը եւ կընտրեք հույսը»,- ամփոփել է Օբաման:




























