ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին պատմել է իր կյանքի ամենավատ օրերից մեկի մասին, որից հետո իր քաղաքական կարիերայում լուսավոր շրջան է սկսվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նյու Հեմփշիրում հաջակցություն Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի կազմակերպված հանրահավաքում ելույթ ունենալով՝ Օբաման հիշել է, թե ինչպես է 9 տարի առաջ սկսել նախագահական մրցարշավը, եւ ոչ մեկն իրեն «նվազագույն հնարավորություն չէր տալիս»:
Նրա խոսքով՝ այդ ժամանակ ինքն ուրախ էր ցանկացած աջակցության համար, եւ Հարավային Կարոլինայի օրենսդիրներից մեկը խոստացել է օգնել, բայց մի պայմանով՝ եթե ինքն այցելի նրա հայրենի քաղաք Գրինվուդ: Տարբեր նահանգներում 1,5 ամիս շարունակ անհաջող հանդիպումներից, հովանավորների կողմից միջոցներ հայթայթելու փորձերից հետո, Օբաման թռչել է Հարավային Կարոլինա:
«Ես օդանավակայանում վայրէջք կատարեցի գիշերվա ժանը 12-ին, ահավոր հոգնել էի եւ միակ բանը, որ ցանկանում էի՝ քնելն էր: Բայց մինչ համարիս դուռը փակելը, օգնականերիցս մեկը թփթփացրեց ուսիս եւ ասաց. «Սենատոր (այդ ժամանակ ես ընդամենը սենատոր էի), դուք հիշում եք, չէ՞, որ վաղը 6.40-ին եք արթնանալու: Դուք խոստացել եք այցելել օրենսդրի հայրենի քաղաք, որպեսզի նա ձեզ աջակցի»,- մտաբերել է Օբաման:
«Զարթուցիչը ղողանջեց: Ես ինձ ահավոր էի զգում եւ վախենում էի, որ մրսել եմ: Վարագույրները քաշեցի, դրսում հորդառատ անձրեւ էր: Սարսափելի օր էր: Սուրճ պատրաստեցի, բացեցի համարի դուռը, իսկ հատակին թերթ էր ընկած: New York Times-ի առաջին էջում իմ մասին շատ վատ հոդված էր: Վատ տրամադրությամբ համարից դուրս եկա: Հովանոցս քամուց չէր բացվում: Մինչեւ վերջին թելը թրջվել էի: Վերջապես հասանք քաղաք, որտեղ շենքերը 2 հարկից բարձր չէին», շարունակել է պատմել նախագահը:
Այն, ինչ նա տեսել է՝ դահլիճ էր, որտեղ հազիվ 15-20 մարդ կար: «Ասեմ, որ այնպիսի տպավորություն էր, թե նրանք այնքան էլ ուրախ չէին ինձ տեսնելու համար, որքան եւ ես իրենց՝ նույնքան չարացած եւ թրջված»,- ասել է նա:
Օբամայի խոսքով՝ զրույցը չէր ստացվում, ինքը մտածում էր, թե ինչպես այդտեղից արագ հեռանա, մինչ տեղի չի ունեցել իր համար անսպասելին: «Ի զարմանս ինձ, ես թիկունքիցս լսեցի՝ «դե՝ սկսի՛ր»: Իսկ ինչ-որ մեկն ասաց՝«պատրաստ եմ»: Եվ բոլորը կրկնեցին՝ «պատրաստ ենք»:




























