Խճճելու եմ, չեմ թողնելու, դուք չեք հիմնավորելու ձեր հայցը, դրանում համոզված եղեք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը`դիմելով 1in.am եւ Lragir.am լրատվական կայքերի լրագրող Սիրանույշ Պապյանի պաշտպաններին:
Հիշեցնենք, լրագրողը դիմել էր դատարան`խնդրելով որպեսզի պարտավորեցնի պատասխանողին ներողություն խնդրել իր վստահորդից, նաեւ «ճանաչի լրագրողի գործունեության ազատության խախտման փաստը, եւ ճանաչի սեռի հատկանիշներով գենդերային խտրականության փաստը, քանի որ դա վիրավորական է սեռի նշմամբ»:
Նշենք, որ այս գործը ձգձգվում է արդեն 4 ամիս։ Դատարանն անընդհատ հետաձգում է դատական նիստերը։ Այսօր վերջապես տեղի ունեցավ դատական առաջին նիստը, որտեղ հայցվորի շահերի պաշտպան Դավիթ Ասատրյանը ներկայացրեց հայցը։ Նրա խոսքով, ՀՀ ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում արել է հայտարարություններ, որոնք չեն բխում պետական պաշտոնատար անձ եւ լրագրողներ հարաբերություններից, ակնհայտորեն վիրավորել է լրագրողին, նաեւ խոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը։
ՀՀ ոստիկանապետի շահերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ հայցվորի ներկայացուցչի խոսքն իրեն խորհրդային տարիների ՍՄԿԿ համագումարն է հիշեցնում, որտեղ «վեց ժամ ելույթ է ունենում գլխավոր քարտուղարը, բայց բան չի ասում»։ Նրա խոսքով, հայցադիմումը բացարձակ անհիմն է եւ անօրինական, ենթակա է մերժման ամբողջությամբ. «Հայցադիմումի նպատակը PR ստեղծելն է։ Որւեէ վիրավորանքի փաստակազմ չկա»,-ասաց նա։
Տիգրան Աթանեսյանը հրաժարվեց ներկայացնել թե գործի նյութերով որ փաստական հանգամանքներն է ընդունում, որը ոչ։ «Երբ ես կներկայացնեմ իմ դիրքորոշումը դատաքննության փուլում, մեծ հաճույքով կպատասխանեմ բոլոր հարցերին»,-ասաց ոստիկանապետի ներկայացուցիչը։
Ընդհանրապես, ոստիկանապետի ներկայացուցիչը պարբերաբար հեգնական բնույթի հարցեր էր տալիս, օրինակ հարցնում էր, թե արդյոք իր դիմաց հայցվորի ներկայացուցիչը Դավիթ Ասատրյանն է։ Իսկ երբ Դավիթ Ասատրյանը ոստիկանապետի ներկայացուցչին դիմեց «պարոն պատասխանող» արտահայտությամբ, վերջինս ուղղեց, որ ինքը միայն պաստախանողի ներկայացուցիչն է ու հավելեց. «Շնորհակալություն կոմպլիմենտի համար»։
Դատարանը կողմերին առաջարկեց հաշտության համաձայնության շուրջ բանակցել, սակայն հենց դահլիճում ոստիկանապետի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք հաշտության համաձայնագիր կնքելու նպատակ չունեն։ Այդուհանդերձ, դատարանը ողջամիտ ժամկետ սահմանեց, որի ընթացքում կողմերը պետք է բանակցեն:
Հաջորդ նիստը կկայանա 2017 թվականի փետրվարի 16-ին, ժամը 15. 00-ին:
Նշենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադարձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։
Այս միջադեպի առնչությամբ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներողություն է խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից. «Անկախ կոնկրետ միջադեպից, բոլորս՝ եւ լրագրողները, եւ ոստիկանությունը, եւ քաղաքական գործիչները, եւ մեր քաղաքացիները պետք է ձգտենք պահպանել կոռեկտություն: Եթե լրագրող Սիրանույշ Պապյանը վիրավորվել է, ես որպես իշխանություն Սիրանույշից ներողություն եմ խնդրում»,- ասել է Շարմազանովը: ՀՀ ոստիկանապետի արարքն անընդունելի են համարել նաեւ մի շարք պատգամավորներ, այդ թվում Նաիրա Զահրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Սամվել Ֆարմանյանը եւ այլք:
Լրագրողական կազմակերպությունները նույնպես հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հրապարակային ներողություն խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից եւ այսուհետ թույլ չտալ վիրավորական արտահայտություններ լրագրողների հասցեին:




























