Սեւանա լճի Գավառ քաղաքի հարակից ափամերձ հատվածում մաքրվել է ջրածածկ անտառտնկարկների 52 հա տարածք: Այս մասին նշվել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:
Բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարին ներկայացվել է իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վիճակը: 2016թ-ին նախատեսված 93 հեկտարից` սեպտեմբեր ամսվա դրությամբ մաքրվել եւ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան հանձնաժողովին էր հանձնվել 52 հա տարածք: Մաքրման աշխատանքներն իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված կապալառուն`«Ճամբարակ» ճանապարհաշինարարական եւ շահագործման ձեռնարկություն» ընկերության տնօրեն Ա. Քոչարյանը հավաստիացրել է, որ մինչեւ տարեվերջ կավարտեն պայմանագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալը:
Արծվիկ Մինասյանն ընկերության ղեկավարների հետ տեղում քննարկել է մաքրման ժամկետների կրճատման եւ աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցերը, իսկ ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարել է ափամերձ հատվածի անտառտնկարկների մաքրման աշխատանքներում ավելի շատ ընդգրկել տեղի համայնքների բնակիչներին` մաքրված փայտանյութը վերջիններիս անհատույց տրամադրելու պայմանով:




























