Հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի առանձնատունը վերականգնելու վերաբերյալ բաց նամակին վարչապետ Կարեն Կարապետյանի արագ արձագանքը զարմացրել է մտավորականներին։ 

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ճարտարապետ Աշոտ Արշակյանը նշեց, որ իրենց համար զարմանալի էր, որ այսօր վարչապետն անդրադարձել է նոյեմբերի 8-ին հրապարակված իրենց բաց նամակին եւ համապատասխան հանձնարարականներ տվել։

«Անսպասելի էր անկեղծ, որ այսպես օպերատիվ կարձագանքի, չէինք սպասում, որ այսքան արագ կարձագանքի։ Արամյանցի առանձնատունն իսկապես շատ վատ վիճակում է գտնվում, ամենակարեւորն այն է, որ տունը պետությանը չի պատկանում, ունի սեփականատեր, որի ժառանգները Հանրապետությունում չեն ապրում, չեն զբաղվում առանձնատնով եւ կարծում ենք՝ չեն էլ զբաղվելու»,- ասաց Աշոտ Արշակյանը։

Ճարտարապետն ընդգծեց, որ սեփականատերը պարտավորություն ուներ 10 տարվա ընթացքում աշխատանքներ իրականացնել, որոնք սակայն չի արել, այժմ էլ ժամկետը լրացել է, հետեւաբար պետությունը պետք է գերակա շահ ճանաչի այն եւ վերցնի իր հոգածության տակ։

Նշենք, որ բաց նամակին միացել են նաեւ ժողովրդական նկարիչ Թաթոսը (Հրանտ Թադևոսյան), վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը, արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան, դիզայներ Նուռը, վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը։

«2013 թվականին Ախթալայի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի ջանքերի շնորհիվ՝ Արամյանցի դղյակն ընդգրկվել է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից նորահայտ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում: Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից հիմնադրված «Լոզե» ՍՊԸ-ն, որին հետագայում փոխանցվել է դղյակի սեփականության իրավունքը, մեր տեղեկություններով՝  դղյակը գրավադրել է Հայաստանի բանկերից մեկում, և ՍՊԸ  տնօրեն Ս. Տեր-Պողոսյանի կին Մադլեն Թաշճյանը  լքել է ՀՀ տարածքը՝  2015 թ. հունվարից աշխատավարձ չվճարելով նաև ՍՊԸ աշխատողներին և ըստ էության ոչնչացման մատնելով այդ պատմաճարտարապետական հուշարձանը, այնինչ պատշաճ օգտագործման դեպքում այն ոչ միայն՝ կփրկվի, այլև՝ վերստին կծառայի որպես  առողջարան, նպաստելով տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը: Արամյանցի դղյակի շուրջ քանիցս Լոռու մարզպետը, Ախթալայի քաղաքապետն ահազանգել են ՀՀ Մշակույթի նախարարություն, իրավապահ մարմիններ, սակայն ամեն անգամ  հղում անելով սեփականության և բանկային գաղտնիքի մասին օրենսդրությանը, նրանք ձեռնպահ են մնացել խնդրին լուծում տալուց, անտեսելով այն հանգամանքը, որ քայլեր չձեռնարկելու դեպքում մյուս տարի գուցե ամբողջությամբ փլուզվի այդ եզակի կառույցը:

Խնդրի լուծման նպատակով խիստ մտահոգ է նաև  մեծ բարերարի լոնդոնաբնակ ծոռը` Ալեքսանդր Ջանոևը, ով 2012  և  2016 թթ. Ախթալայի քաղաքապետարանի և «Լոռվա ձոր» հ/կ հրավերով գտնվելով Հայաստանում, այցելելով դղյակի տարածք, իր պատրաստակամությունն է հայտնել իր և գործընկերների ջանքերը ևս մեկտեղելու` հուշարձանի վերականգնման նպատակով: Պատկան մարմիններն այդ պատասխանները ձևակերպելիս հաշվի չեն առել՝

1) որ Արամյանցի դղյակը պատմամշակութային հուշարձան է,

2) սեփականատերը չի կատարում իր պայմանագրային պարտականությունը, և այն չի շահագործվում՝ որպես տուրիստական հանգրվան>,- ասվում է բաց նամակում։

Նամակը հրապարակվել է նոյեմբերի 8-ին, իսկ այսօր Կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը համապատասխան հանձնարարականներ տվեց։

«Մենք շատ ուրախ ենք, որ Կարեն Կարապետյանն այսքան արագ մեր նամակին արձագանքեց։ Մենք ոչ մի հանդիպում ոչ մեկի հետ չենք ունեցել, այսօր էլ իմացանք, որ արդեն հանձնարարականներ է տվել»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Ամալյանը։

Նշենք, որ Կարեն Կարապետյանը Դավիթ Հարությունյանին է հանձնարարել ուսումնասիրել խնդիրն ու լուծումներ առաջարկել։