Շարժայի շեյխի կողմից Հաղարծինի համալիրի նորոգումը միջկրոնական երկխոսության լավագույն դրսեւորում էր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, Շարժայի կառավարիչ շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը բարձր է գնահատել Շարժայի կառավարիչ շեյխի անձնական մեծ ներդրումը մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական հարաբերություններն ու փոխգործակցությունը խորացնելու գործում:
Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ է նշել, մասնավորապես, շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի անմիջական աջակցությամբ Հաղարծինի վանական համալիրի հիմնովին վերանորոգումն ու համալիրին կից վանատան կառուցումը, ընդգծելով, որ տարիներ առաջ շեյխի Հայաստան կատարած այցելությունն իր նշանակալի հետքն է թողել երկու երկրների հարաբերություններում, եւ վերոնշյալ օրինակելի ու աստվածահաճո քայլը միջկրոնական երկխոսության եւ հանդուրժողականության լավագույն դրսեւորում էր:
Նախագահը գնահատելի է համարել նաեւ Շարժայում Հայաստանի առեւտրատնտեսական կենտրոն բացելու գործում շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի ունեցած անմիջական դերակատարությունը եւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու հետագա խորացման տեսանկյունից առանձնակի կարեւորել է այդ քայլը։ Սերժ Սարգսյանը նշել է, որ կենտրոնն իր առավել ակտիվ գործունեությամբ կնպաստի երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջեւ հաստատված ուղիղ ավիաչվերթերից առաջինը Շարժա-Երեւան-Շարժա երթուղին էր, որի ներկայիս պարբերականությունը խոսուն կերպով վկայում է փոխադարձ հետաքրքրության մեծացման մասին:
Շարժայի կառավարիչ շեյխի հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը խոսել է նաեւ ԱՄԷ ներդրումային եւ զարգացման տարբեր հիմնադրամների հետ հարաբերություններն ակտիվացնելու Հայաստանի ցանկության մասին, որի իրագործման նպատակով արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռքբերվել այցի շրջանակներում:





























