Մենք ակնկալում ենք մինչեւ տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այս մասին, նոյեմբերի 11-ին, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եւ համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Տեղեկացնելով, որ հանրապետության բոլոր մարզերի եւ համայնքների ղեկավարների հետ քննարկվելու է յուրաքանչյուր մարզի զարգացման տեսլականը՝ վարչապետը նշել է. «Մենք ակնկալում ենք մինչեւ տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այնուհետեւ քննարկելու ենք դրանք եւ առաջնահերթությունը տալու ենք ամենահեռանկարային ծրագրերին, որտեղ համայնքն իր վրա բեռ է վերցնում, բացի ակնկալելուց, որ կառավարության կողմից պետք է լինեն ներդրումներ, աջակցություն, այսինքն՝ մեր հարաբերությունները լինելու են գործընկերային:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Մենք հասկանում ենք, որ դուք բազմաթիվ դարդ ու ցավ ունեք, պրոբլեմ ունեք, հասկանում ենք, որ պետք է յուրահատուկ վերաբերմունք ցույց տանք մեր սահմանամերձ համայնքներին, որտեղ առանձնապես տնտեսական ակտիվություն չկա, եւ այդ ամենը լինելու է խաղի կանոնների շրջանակում, որով պայմանավորվել ենք առաջ շարժվել»:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ցուցանիշները, խնդիրները, զարգացման ուղղությունները եւ նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է, եւ այդ ոլորտում առկա են որոշակի ձեռքբերումներ: Նշելով, որ գյուղատնտեսությամբ զբաղվող տարածքները հիմնականում սահմանամերձ համայնքներն են, որոնք օգտվում են կառավարության կողմից 2014 թ. տրված սոցիալական ու հարկային արտոնություններից՝ մարզպետը միաժամանակ նկատել է, որ այդ տարածաշրջանների ռիսկայնությամբ պայմանավորված՝ ներդրումային ծրագրերի առումով էական արդյունքներ չեն գրանցվել:
Անդրադառնալով արձանագրված ձեռքբերումներին՝ Հովիկ Աբովյանը տեղեկացրել է, որ «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն Տավուշի շրջանի Չորաթան գյուղում հիմնել է արտադրամաս, որտեղ աշխատում է 200 մարդ: Մինչեւ մյուս տարվա կեսերն ակնկալվում է եւս 100 աշխատատեղի ստեղծում Արծվաբերդում, իսկ ընդհանուր առմամբ այս ընկերության նախաձեռնած ծրագրերի արդյունքում մինչեւ 2020 թ. նախատեսվում է ստեղծել շուրջ 2000 աշխատատեղ Տավուշ, Իջեւան եւ Նոյեմբերյան հատվածում: Հաշվի առնելով մարզում աճող պտուղների եզակիությունը եւ խորհրդային տարիներին վերամշակող արտադրության կազմակերպման հաջող փորձը՝ ներկայում քայլեր են ձեռնարկվում նաեւ վերամշակող արտադրամասեր կամ գործարաններ հիմնելու նպատակով մասնավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:
Մարզպետի զեկուցումից հետո վարչապետը խոսել է մարզի ուժեղ եւ թույլ կողմերն ախտորոշելու եւ դրանցից բխող ծրագրեր մշակելու անհրաժեշտության մասին: «Ո՞ր ոլորտներն են մարզում զարգանում, ո՞ր ոլորտում որքա՞ն զբաղված մարդ կա, ի՞նչ ծավալ են տալիս, եւ ի՞նչ հեռանկարներ ունեք, ո՞ր ոլորտները կարող եք զարգացնել: Որո՞նք են Տավուշի մարզի առանձնահատկությունն ու առավելությունը, որո՞նք են թույլ կողմերը. թույլ կողմերը՝ սահմանամերձ է, ռիսկային է, առավելությունը՝ Վրաստանի շուկայի կողքին է», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է առանձնացնել խնդիրներն ու առաջնահերթությունները եւ ձեւակերպել դրանց լուծումները, որոնք ուղղված կլինեն կյանքի որակի բարելավմանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, մշակույթի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր: Ներկայացվել են նաեւ մարզում մի քանի համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի արդյունքները:
Վարչապետը հետաքրքրվել է մարզում առողջապահության ոլորտի վիճակի՝ մասնավորապես, պետպատվերի տեղաբաշխման գործընթացի, բժշկական հաստատությունների աշխատանքի արդյունավետության եւ հարակից այլ հարցերի մասին: Ստանալով բացասական պատասխան պետպատվերի համակարգի արդյունավետ եւ թափանցիկ գործունեության վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ առողջապահության նախարարը պետպատվերի նոր հայեցակարգ է ներկայացնելու, որով քաղաքացիներն ընտրության հնարավորություն են ունենալու:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ համակարգը պետք է կրիտիկական փոխել եւ հանձնարարել առողջապահության նախարարին եւ մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ համատեղ աշխատել եւ ծրագիր ներկայացնել:





























