ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգենի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 20-ամյա Գուրգեն Արսենյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Դեռեւս հայտնի չէ, թե երբ գործը կուղարկվի դատարան:
Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 17-ին մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկում վիճաբանությունը սկսվել է կենցաղային շարժառիթով՝ երկու երիտասարդների միջեւ, որին հետագայում միացել են նաեւ նրանց ընկերները եւ հարաբերությունների պարզաբանումը շարունակվել է դրսում՝ ակումբի մոտ՝ վերաճելով խուլիգանության։ Մայիսի 16-ի դրությամբ՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ, այդ թվում Գուրգեն Արսենյանին:
Նշենք, որ պատգամավորի որդին ձերբակալվել է մայիսի 11-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» սահմանային անցակետում եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նրան մայիսի 14-ին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Գուրգեն Արսենյանը կալանավորվել էր, սակայն ավելի ուշ խափանման միջոցը փոխվել էր` ստորագրություն չհեռանալու մասին:



























