Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր` նոյեմբերի 14-ին, ցուցմունք տվեց նրա հայրը` Արկադի Բարսեղյանը:

Կուրսանտի հայրը դատարանում պատմեց, որ դեպքի օրն իրեն ասել են, թե որդին կռիվ է արել, ինքն էլ անմիջապես մեկնել է Երեւան։ «Շտապ գնացի, տղաներից մեկը գոռաց` շտապ դուռը փակեք։ Մտել եմ ներս, տեսել եմ՝ շատ մարդ կա հավաքված․․․ ինստիտուտի հրամանատարը հարցրեց՝ Հայկազը որ Նոր տարվա արձակուրդին եկել է, ո՞նց է եղել, ասացի՝ լավ։ Հետո հարցրեց՝ աղանդավոր եղե՞լ է, ասացի՝ չէ, դրանից հետո էլ հետո ձեռքը դրեց ուսիս, ասաց՝ պինդ պահի քեզ, ասացի ՝ ի՞նչ ա եղել, ասաց՝ էլ չկա․․․ ես ուղղակի հետ եմ նստել, ոչինչ չեմ զգացել, հետո ասացին, որ վարկած կա, որ ինքնասպան է եղել»,- պատմեց Արկադի Բարսեղյանը։

Սպանված կուրսանտի հոր պատմելով՝ սկզբում ասել են, թե որդին դեպքի գիշերը համազգեստ բաժանելիս է եղել, երբ դեպքը պատահել է, սակայն ինքը հետագայում է հասկացել, որ այդ վարկածը սարքել են՝ իրականությունը թաքցնելու համար։ «Բնավորությամբ կիսվող էր, որ խնդիր ունենար, կկիսվեր։ Հայկազս պինդ տղա էր եւ երբեք ինքնասպան չէր լինի։ Նա կարողանում էր իրեն պաշտպանել. Սպաները եկել էին դեպքից հետո, ասում էին՝ էդ թուլեքն էդ ի՞նչ դաժան են եղել, թուրքից բեդար, ո՞նց կարող են էդքան դաժան լինել»,- շարունակեց հայրը։

Արկադի Բարսեղյանը պատմեց նաեւ, որ ծեծկռտուքին մասնակցել է նաեւ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանը, որի նկատմամբ բողոք ինքը չունի, սակայն ցանկանում է, որ նա էլ կալանքի տակ լինի։ «Եթե դատարանը որոշի, որ անմեղ են, պարզվի, որ մեղավոր չեն, ներողություն կխնդրեմ ամբաստանյալներից»,- ցուցմունքի վերջում նշեց սպանված կուրսանտի հայրը։

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: