Պարզ գծերով լայն ժպիտ կազմելով՝ Նարինե Աբգարյանը համոզելու փոխարեն անկեղծությունն է ընտրում:
Ճակատագրի նշանների հանդեպ զգայուն լինելով եւ իրերի ուժն ընդունելով՝ նա իրապես միայն հույսին է հավատում՝ որպես ամենաարժեքավոր բանի, որ մենք ունենք:

Հայկական լեռնային գյուղից Մոսկվայում հայտնվելով՝ նա դառնալու է ռուսական մայրաքաղաքի ամենասիրված գրողներից մեկը: Իր վերջին՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի համար նա «Յասնայա Պոլյանա» հեղինակավոր մրցանակի է արժանացել: 

«Լուսավոր». այսպես է թարգմանվում նրա անունը: Այդպիսին կլինի նաեւ Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոցում հանդիպումը: 
NEWS.am-ի թղթակիցը ձեր ուշադրությանն է ներկայացնում հետաքրքիր մտքեր գրական երեկոյից:

Երբեք չգիտես՝ գրող կդառնա՞ս, թե՞ ոչ։

Ես փորձել եմ բիզնեսով զբաղվել։ Ջինսի բիզնես էր։ Փառք Աստծու, ես սնանկացա։

Հաշվապահություն սովորեցի եւ դարձա Մոսկվայի ամենաբութ հաշվապահը։ Իմ հաշվետվությունները երբեք ճիշտ չէին լինում, անգամ զրոյականները։ Ինձ դեմքով ճանաչում էին հարկային ծառայությունների բոլոր աշխատակիցները։ Ես 39 տարեկան էի՝ վստահ, որ կլինիկական ձախողակ եմ։ Այդ ժամանակ բլոգ բացեցի եւ սկսեցի կյանքից պատմություններ գրել։ Մի անգամ ինձ հետ կապվեց հրատակիչը։ Ինձ թվում է, որ ինչ-որ տեղ երկնքում ինձ խղճացին եւ ասացին. «Այս հիմարիկի հետ պետք է մի բան անել, որովետեւ այսպես այլեւս անհնար է»։

Երբ հրատարակվեց իմ առաջին գիրքը, ես այնպիսի՜ մեծ հաճույքով ազատվեցի հաշվապահական գրասենյակից։ Դրանից հետո ես 6 տարի խելագարի պես գրում եմ, որպեսզի հանկարծ, Աստված չանի, վերադառնամ այնտեղ։

Ես, իհարկե, սխալ գրող եմ։ Ինձ չի կարելի ո՛չ մեծահասակների, ո՛չ մանկահասակների գրող համարել։ Ես մնացել եմ երկու աշխարհների միջեւ։

Մարդիկ տարբեր են։ Նրանք տարբեր կերպ են սիրում։ Չեք հավատա, մի տղամարդ կա, որ ինձ համար գուլպաներ է գործում։ Նա ամեն անգամ ընթերցողների հետ հանդիպմանը նոր գործած զույգ է բերում։ Եվ չգիտես, թե ինչպես այդ մարդուն վերաբերվես։ Թվում է, թե նա քեզ սիրում է, սակայն միաժամանակ ճանկերով խրվել է մարմնիդ մեջ եւ բաց չի թողնում, եւ դու իրենից սարսափելի վախենում ես։

Եթե տեսնեք գրողի, որ,  բազմոցին փլված, ոտքը ոտքին գցած, ծխախոտ ծխելով պատմում է, թե ինչպիսի գլամուր մասնագիտություն է դա, խնդրում եմ, մի՛ հավատացեք նրան.  գրելը ծանր աշխատանք է։ Դու ամեն օր քեզ վզիցդ բռնած բարձրացնում ես, նստեցնում համակարգչի առաջ եւ ստիպում աշխատել։ Այլ կերպ հնարավոր չէ։

Գրեք այնպես, ինչպես ձեր ներսում զգում եք։ Երբեք մի՛ մտածեք այն մասին, թե ինչ կմտածի ընթերցողը։ Դա ընթերցողի խնդիրն է, ինչ ուզում է, թող մտածի։

Ինչ–որ պահի տեքստը սկսում է քեզ ատել, եւ դու սկսում ես ատել տեքստը։

Իմ մասին ասում են, թե իմ գրքերը շատ տարբեր են։ Ես բացատրեմ, թե ինչու։ Բանն այն է, որ իմ գրքերից ոչ մեկից ես գոհ չեմ։ Եվ ամեն հաջորդում ես փորձում եմ այնպիսի մի բան մտածել, որն ինձ կգոհացներ։

Պատմությունը պատմում են կանայք։ Բոլոր հեքիաթները, լեգենդները, ավանդությունները, որոնց մասին մենք գիտենք, փոխանցվում են բացառապես մայրերի, տատիկների, տատիկների մայրիկների շնորհիվ։ Չէ՞ որ ի՞նչ է հեքիաթը, եթե ոչ առաջին հերթին բամբասանք, շշուկներ։ Դա ինչ–որ հավատալիք է, որը մի փոքր անհավանական է թվում, բայց երբ դու մեծանում ես, հասկանում ես, որ ինքդ էլ դրանցից ես բաղկացած։

Ես միշտ համարել եմ, որ կինը չպետք է գրի պատերազմի մասին։ Բայց քանի որ իմ կյանքում եղավ պատերազմ, ես որոշեցի այդ մասին գրել։ Ոչ թե որպեսզի մարդիկ կարդան եւ գան այն եզրակացության, որ պատերազմը վատ բան է, այլ ի հիշատակ այն մարդկանց, որոնց ես գիտեի, եւ որոնք այդ պատերազմի միջով անցան։

Վերջերս ինչ–որ մեկը գրառում էր կատարել այն մասին, որ Աբգարյանն ապրում է Մոսկվայում, պատերազմի  մասին ինչ–որ բան  է գրում, իսկ նրա որդին անգամ բանակում չի ծառայում։ Դա սարսափելի վիրավորական է, քանի որ մարդը, որը դա գրում է, չգիտի, որ միգուցե քո երեխան հիվանդություն ունի, որի պատճառով նա չի կարող բանակում ծառայել։ Իմ տղան ասթմա ունի։ Նա մի շարք պատճառներով չի կարող բանակում ծառայել։ Ես նկատի ունեմ, որ ամեն մեկը, որը փորձում է քեզ վիրավորել, չի հասկանում, թե ինչ է կատարվում քո հոգում։

Երբ երեխան արթնանում է, չգիտես թե ինչու, նրան անընդհատ շտապեցնում են՝ վե՛ր կաց, ատամներդ լվա՛, հագնվի՛ր։ Իմ մայրն այդպես չէր անում։ Երբ մենք արթնանում էինք, նա մեզ որոշ ժամանակ հանգիստ էր թողնում։ Նա միշտ ասում էր. «Երեխան արթնացել է, թողե՛ք պառկի իր մտքերի հետ»։ Երբ դու արթնանում ես, գլխումդ առանց այդ էլ շատ բան կա։ Երբ քեզ սկսում են շտապեցնել, մտքերդ ինչ–որ տեղ են փախչում։ Չգիտես ինչու, ես վստահ եմ, որ հենց այդ պատճառով իմ քույրն ու եղբայրը բավական ստեղծագործ մարդիկ են։ Որովհետեւ նրանց չեն շտապեցրել։

Մենք ապրում ենք ապշեցուցիչ ժամանակներում, երբ հրեշավոր կառավարչական ճգնաժամի ականատեսն ենք դարձել, երբ մի խումբ մարդիկ որոշել են, որ կարող են տնօրինել մարդկային ճակատագրերը։

Իմ բոլոր գրքերը գրվել են մեծ թախիծից։  Եթե ես Մոսկվա չմեկնեի, ես երեւի թե գրող չէի դառնա։ Ես գրում էի, որովհետեւ կարոտում էի Հայրենիքս, դրա համար էլ գրածներիս մեծ մասը Հայաստանի մասին է։ Ես չեմ պատկերացնում, որ ես Հայաստանի մասին չգրեմ։ Միգուցե, ես շատ կուզեի, բայց բարեբախտաբար, թե դժբախտաբար, ինձ մոտ դա չի ստացվում։

Ես ապրում եմ Մոսկվայում, բայց Հայաստանի քաղաքացի եմ։ Ես Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորություն ունեցել եմ, բայց ես դա մի շարք պատճառներով չեմ արել, այդ թվում՝ այն պատճառով, որ ես գիտեի՝ վերադառնալու եմ։

Մի կարգախոս ունեմ, որը մանկությունից սիրում եմ։ «Այն սիրում էր իրականանալ», Մարկոս Աուրելիոսի ասույթներից է։  Ինձ թվում է, այդ արտահայտության մեջ մեծ մխիթարող ուժ կա։ Գլուխդ չես պրծացնի, ինչ էլ լինի, կկատարվի։

Զարմանալի բան է. ամենահայկական տեքստերը ջազի հնչյունների ներքո են ստացվում։

Ինչի դեմ եմ պայքարու՞մ։ Ախորժակի, ծուլության։ Ամեն բան ստիպված ես քեզ ստիպելով անել։ Բայց ես դեռեւս չեմ հանձնվում։

Ես «Յասնայա Պոլյանա» եկա, իսկ այնտեղ մարդիկ նստած շամպայն են խմում, ինչ–որ բան են քննարկում։ Ես նստեցի անկյունում։ Եվ ինձ համար լավ է։

Հուսահատությու՞ն… եթե ես տղայիս չեմ կարողանում զանգահարել, դա ինձ համար իրական հուսահատություն է։

Դեռեւս իմ գրական գործունեության արշալույսին գլխավոր խմբագիրս հիանալի մի միտք ասաց. «Այն պահին, երբ քեզ սկսի դուր գալ քո գործը, խա՛չ քաշիր վրադ եւ հեռացի՛ր»։ Հիմա ես մի նպատակ ունեմ, բռնել այդ պահը եւ այլեւս ոչինչ չգրել։ 

Բոլոր լուսանկարները Facebook սոցիալական ցանցից են