Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով

երկու անձի առաջադրվել է մեղադրանք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը նոյեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ Մուշեղ Մուշեղյանի սպանության համար. Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), Ռուբեն Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը)։ Նույն օրը որոշում է կայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։

Նախաքննությունը շարունակվում է:

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ տուժածներից մեկը հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով երեք երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը մահացել են: