2011 թվականի պետական բյուջեի նախագիծը նախատեսում է պետական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում: Այսպիսի կարծիք է հայտնել Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով, նոր բյուջեն մի շարք գործոններով գերազանցում է 2010-ի բյուջեին:

«Հայաստանի 2010-ի պետական բյուջեն նախադրյալներ ստեղծեց հաջորդ տարվա տնտեսական աճի համար: Կանխատեսումների համաձայն տարվա վերջին տնտեսական աճը կկազմի 4,6 տոկոս: Այս ցուցանիշը որակապես տարբերվում է նախորդ տարիների տնտեսական աճից, քանի որ եթե նախկինում արդյունաբերության աճը աննշան էր, ապա 2011-ին այն զգայի առաջընթաց է արձանագրելու»,- ասաց Բոստանջյանը, հավելելով, որ 2011-ի բյուջեի առաջնահերթություն ճանաչված բոլոր ոլորտներին միջոցներ են հատկացվել ըստ իրենց կարգավիճակի:

Հարցին, թե այդ դեպում ինչպե՞ս է ստացվել, որ ձյուդոյի ֆեդերացիային ավելի շատ գումար է հատկացվելու, քան IT ոլորտին (համապատասխանաբար 87 եւ 80 մլն դրամ), Բոստանջյանը պատասխանեց. «Այս դեպքում խոսքը չի գնում միայն բյուջետային միջոցների մասին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բացի բյուջետային միջոցներից նախատեսված են նաեւ տարբեր ծրագրերի ու դրամաշնորհների տրամադրում, ինչը կապահովի անհրաժեշտ ֆինանսավորումը»:

Տնտեսագետը նկատեց, որ 2011-ի բյուջեում շուրջ 30 մլրդ դրամով (շուրջ 83 մլն դոլար) ավելացել են սոցիալական ծրագրերի համար նախատեսված միջոցները: «Եթե 2010-ին այդ նպատակով հատկացվել էր 240 մլրդ դրամ (շուրջ 665 մլն դոլար), ապա հաջորդ տարի այդ ցուցանիշը 270 մլրդ դրամ է (շուրջ 750 մլն դոլար):

Այդուհանդերձ ԲՀԿ-ական պատգամավորը խոստովանեց, որ օրինակ կենսաթոշակները 2,5 հազար դրամով ավելացնելը շոշափելի օգնություն չի կարող համարվել թոշակառուների համար: «Սակայն եթե այդ գումարը բազմապատկեք թոշակառուների թվով` 500 հազարով, դա լուրջ ռեսուրս է կազմում»,- ասել է նա:

Ամփոփելով իր խոսքով, Վ. Բոստանջյանն ասաց, որ 2011-ի բյուջեն «բավարար է, ամբողջությամբ համապատասխանում է երկրի ռեսուրսներին` դրանց առավել արդյունավետ օգտագործման պարագայում»: