Արարատի մարզի Վանաշեն գյուղում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 19.40-ի սահմաններում ողբերգական դեպք է գրանցվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։

Ոստիկաններն ու քննիչները Վանաշեն գյուղի բնակիչ Թագուհի Ճիրոյանի տանը հայտնաբերել են 13-ամյա Գագիկ Մինասյանի դին։ Ոստիկաններին և քննիչներին տատը հայտնել է, որ պայթյունից կարճ ժամանակ առաջ երեխան ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն։ Երեխայի դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել, որից հետո դուրս գալով հայտնաբերել է թոռանը մահացած։

Երեխան սովորում էր Վանաշենի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում և բնակվում էր տատի ու մոր՝ Սիլվա Մինասյանի հետ։ Հայրը 12 տարուց ավելի է գտնվում է արտերկրում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություներ պարզելու համար, թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը։