Նոյեմբերի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մարոկկոյի ԱԳ նախարար Սալահեդդին Մեզուարին:

Երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Կարեւորվեց քաղաքական երկխոսության ակտիվացումը, բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Նախարարները մտքեր փոխանակեցին, մասնավորապես, առեւտրատնտեսական, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հետ կապված հարցերի շուրջ:

Անդրադարձ արվեց միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի:

Զրուցակիցները քննարկեցին Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը, փախստականների խնդիրները:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրակարգային հարցերի: