ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Վանաձորի խաղասրահում երկու անձի դանակահարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անչափահասը։

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ  2016 թվականի հունիսի 08-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից  հաղորդում էր ստացվել առ այն, որ «որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Լոռու մարզի Թումանյան համայնքի  բնակիչ, 1997թ.  ծնված Արշակ Պողոսյանը եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Մերուժան Եղինյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։  Իրականացված անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Նախնական քննության տվյալներով՝ տուժողները դեպքի օրը՝  2016 թվականի հունիսի 8-ին, գտնվել են Վանաձոր քաղաքի խաղասրահներից մեկում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել՝ սեղանի թենիսի գնդակը դիպչելու եւ այդ կապակցությամբ ներողություն չխնդրելու պատճառով։  Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  նշված վիճաբանության ժամանակ Վանաձոր քաղաքի անչափահաս բնակիչը սուր ծակող-կտրող գործիքով երկու անգամ հարվածել է Արշակ Պողոսյանին եւ մեկ անգամ՝ Մերուժան Եղինյանին՝ վերջիններիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս եւ դիմել փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը 2016 թվականի հունիսի 14-ին որոշում է կայացրել՝ անչափահասին որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Վերջինս հայտնաբերվել է ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլ քաղաքի օդանավակայանի գծային բաժնի իրապահների կողմից եւ տեղափոխվել Հայաստան։  Նոյեմբերի 25-ին անչափահասին Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է: