Երեւանի քաղաքապետարանը, Ամանորի տոներին ընդառաջ, հայտարարում է «Ամանորյա լավագույն ձեւավորում» ամենամյա մրցույթի մեկնարկը: Մրցույթին կարող են մասնակցել Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջանների առեւտրային կազմակերպությունները, ձեռնարկությունները, հասարակական կազմակերպությունները եւ անհատ քաղաքացիներ:
Մրցույթը կանցկացվի հիմնական 3 անվանակարգերում`
1. Լավագույն տոնական ձեւավորված կազմակերպություն
2. Լավագույն տոնական ձեւավորված պատշգամբ
3. Լավագույն տոնական ձեւավորված վարչական շրջան:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը ներառյալ տոնական ձեւավորումների լուսանկարները (jpg ձեւաչափով) ուղարկել iyerevan.am կայքին՝ հստակ նշելով կազմակերպության կամ ձեռնարկության անվանումը, ինչպես նաեւ կոնտակտային անձի անունն ու հեռախոսահամարը՝ հետադարձ կապ ապահովելու համար:
Մրցույթի շրջանակում առանձնակի կկարեւորվեն յուրօրինակ եւ համաչափ ձեւավորված աշխատանքները: Ցանկալի է, որ ձեւավորումներում օգտագործվեն կարմիր, ոսկեգույն եւ սպիտակ գույները:
«Ամանորյա լավագույն ձեւավորում» մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը կկայանա 2017 թվականի հունվարին:





























