Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը, որը հայտնի է իր սադրիչ նյութերով, առաջին անգամ է թողարկվել գերմաներեն, ամսագրի շապիկին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու 2015-ին դիզելային սկանդալի կենտրոնում հայտնված Volkswagen ավտոկոնցեռնի ծաղրանկարն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Առաջին խմբաքանակը վաճառքում հայտնվել է 200 հազար նմուշով։ Ամսագրում հիմնականում լինելու են ֆրանսերեն հրապարակումների թարգմանություններ, բայց կլինեն նաեւ գերմաներեն տարբերակի համար նախատեսված էքսկլյուզիվ նյութեր։

«VW -ն աջակցում է Մերկելին» ստորագրությամբ շապիկին պատկերված է թե ինչպես է Volkswagen–ի մեխանիկը «վերանորոգում» կանցլերին հիդրավլիկ ամբարձիչի վրա։ «Նոր արտանետիչ խողովակ ու եւս չորս տարի կաշխատես»,- գրված է նկարի տակ։ Ավելի վաղ Մերկելը հայտնել էր, որ մտադիր է չորրորդ ժամկետով առաջադրել իր թեկնածությունը Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում։

Charlie Hebdo պարբերականը Գերմանիայում մեծ ճանաչում է ստացել Փարիզում 2015-ի հունվարի 7-ին խմբագրության վրա կազմակերպված ահաբեկչական հարձակումից հետո։ Երկու չարագործներ ներխուժել էին ամսագրի խմբագրություն ու կրակ բացել այնտեղ գտնվողների վրա։ Դրան հաջորդել էին մի շարք այլ հարձակումներ, որոնց հետեւանքով 17 մարդ էր զոհվել։ Հարձակման մեջ կասկածում էին Շերիֆ ու Սաիդ Քուաշի եղբայրներին։ Հունվարի 9-ին հատուկ գործողության ընթացքում նրանց ոչնչացրել էին։