«Էվեկս» բժշկական ընկերությունը Ջավախքում բացել է նոր ռեֆերալային հիվանդանոցներ: «Գրուզիա On-line»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ջավախքի նահանգապետի աշխատակազմից:

Ախալցխայի եւ Ախալքալաքի բնակիչները առանց շրջանից հեռանալու ամեն տեսակի բժշկական օգնություն ստանալու հնարավորություն կունենան:

Բժշկական կենտրոնները ծառայություններ կմատուցեն նոր ենթակառուցվածքով, վերազինված բժշկական գույքով եւ բարձրտեխնոլոգիական ախտորոշիչ հետազոտություններով:

Ախալցխայի ռեֆերալային հիվանդանոցը շրջանում ամենախոշոր բազմապրոֆիլային բժշկական կենտրոնն է, եւ բնակչությանը կառաջարկի ինչպես թերապեւտիկ, այնպես էլ վիրաբուժական, մանկաբուժական եւ գինեկոլոգիական ծառայություններ:

Կենտրոնը նախատեսված է 70 մահճակալի համար, որտեղ ամեն տարի բժշկական օգնություն կստանա ավելի քան 38 հազար մարդ:

Բժշկական ծառայություններին տեղացիների աշխարհագրական հասանելիության ապահովման նպատակով ընկերությունն ավարտել է նաեւ շրջանում գոյություն ունեցող փոքր կլինիկաների վերականգնումը:

Ասպինձայի բժշկական կենտրոնը (5 մահճակալի համար) հագեցած է թարմացված ենթակառուցվածքով եւ բժշկական նոր տեխնիկայով, ամեն տեսակի ամբուլատոր սպասարկման հետ միասին տեղի բնակչությանը կտրամադրվի հիվանդանոցային ծառայության լայն սպեկտր: