Մերձավոր արեւելքում զինյալների ակտիվությունն աստիճանաբար, տարիների ընթացքում կմարի։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Կարինե Գեւորգյանը՝ NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որի ժամանակ զինյալները մի շրջանից մյուսն են տեղաշարժվում, առաջացնելով բռնության էսկալացիայի բռնկումներ։
«Չեմ կարծում, թե զինվորականներին եւ զինյալների պատճառով տուժած խաղաղ բնակչությանը կմտահոգի նրանց ոչնչացնելու մարդասիրական ասպեկտը։ Այլ բան է, որ քաղաքներում դա անելը դժվար է, քանի որ կհանգեցնի բազմաթիվ զոհերի նաեւ խաղաղ բնակչության շրջանում»,- նշել է քաղաքագետը։
Նրա կանխատեսումներով, առաջիկա չորս տարիներին զինյալների ակտիվությունը նվազելու է, ուղեկցվելով պարբերական բռնկումներով։ «Պատմության մեջ եղել են նման օրինակներ։ Ասենք ժամանակին բավականին տարածված ծովահենների մասնագիտությունը տարիների ընթացքում դադարել է գոյություն ունենալ, եթե չհաշվենք այսօրվա սոմալացի ծովահեններին»,- հիշեցրել է Կարինե Գեւորգյանը։ Քաղաքագետը նաեւ նշել է, որ զինյալների զգալի քանակություն աստիճանաբար տեղաշարժվում է Մերձավոր արեւելքի տարածքից դեպի Աֆրիկա։



























