Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի ԱԳ նախարար Դելսի Ռոդրիգեսի ստացած մարմնական վնասվածքների մասին՝ Արգենտինայում նրա վրա անվտանգության ծառայության աշխատակիցների հարձակման հետեւանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մադուրոյի խոսքով՝ Արգենտինայի ԱԳՆ անվտանգության ծառայությունը Ռոդրիգեսին հատակին է գցել: «Այդ արժանապատիվ երիտասարդ կնոջ նկատմամբ, որը ներկայացնում է Սիմոն Բոլիվարի ժողովրդի ձայնը, Արգենտինայի կառավարության վախկոտ պահվածքի հետ կապված մենք բացարձակ բողոք ենք ներկայացրել»,- ասել է Վենեսուելայի նախագահը:
Միջադեպը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում, որտեղ Վենեսուելան հրավիրված չէր Հարավամերիկյան ընդհանուր շուկայի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ կազմակերպությանը երկրի անդամակցության դադարեցման պատճառով: Սակայն Ռոդրիգեսը, միեւնույն է, մեկնել էր Արգենտինայի մայրաքաղաք: «Եթե մեր առաջ դուռը փակում են, մենք պատուհանից կմտնենք»,- հայտարարել էր նա:





























