Այս տարվա ամանորյա միջոցառումներին հատկացված բյուջեն կրճատվել է մշակութային ծրագրերի հաշվին, բայց ավելացել է սոցիալական բաղադրիչը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողներին ասել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

«Ապրիլյան դեպքերից հետո քաղաքապետարանը ավելի շատ ձեռնամուխ եղավ սոցիալական ծրագրերին՝ մի շարք մասերով կրճատելով մշակութային ծրագրերի համար նախատեսված բյուջեն, սակայն մենք, այնուամենայնիվ, փորձել ենք մի քիչ ավելի զուսպ, բայց տոնական մթնոլորտ ապահովել, որը, հիմնականում, պայմանավորված կլինի միջոցառումները Հանրապետության հրապարակի փոխարեն տեղակայելով հիմնականում Ազատության հրապարակում»,-ասաց Սուքիասյանը։

Սոցիալական ծրագրերի շրջանակում 4000 երեխա կայցելի թատրոններ, 40000 երեխա, այդ թվում՝ մանկապարտեզի երեխաներ, կստանան ամանորյա քաղցրավենիքի փաթեթներ, 23000 ընտանիք կունենա ամանորյա պարենային փաթեթներ՝ որպես աջակցություն։ «Սա ավանդաբար եղել է, բայց չափերի մեջ ավելին է այս տարի։ Փաթեթները պարունակում են հիմնականում ընդեղեն, ամանորի սեղաններին կիրառվող անհրաժեշտ մթերքներ։ Փաթեթների քանակը նախորդ տարիների համեմատ աճել է 2000-ով։ Նախատեսված է սոցիալական կոնկրետ խավի համար, որոնք գրանցված են մեզ մոտ որպես խոցելի խմբեր»,- հավելեց նա։ Սուքիասյանը հայտնեց, որ այս տարի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան ամբողջ միջոցառումների համար ծախսվում է 39 միլիոն դրամ։

Քաղաքի զարդարման համար հիմնականում օգտագործվելու են նախորդ տարիների զարդարման պարագաները՝ որոշակի դիզայներական փոփոխություններով. «Տոնածառ փոխելը շատ թանկ հաճույք է՝ մոտ 30-35 միլիոն դրամ։ Առայժմ մենք ունենք դժվարություն այդ հարցում, բայց խաղալիքների միջոցով, լույսերի միջոցով փորձում ենք տարբերություն ստեղծել նախորդ տարիների համեմատ»։

Մշակութային ծրագրերի բյուջեն խնայելու շրջանակում այս տարի նաեւ քաղաքապետարանի կողմից մրցույթ է հայտարարվել՝ խրախուսելու մասնավորին եւ անհատներին եւս մասնակցել քաղաքի ձեւավորմանը եւ քաղաքի տեսքը ամբողջական դարձնել։ Մրցույթը հայտարարված է 3 անվանակարգերում՝ լավագույն ձեւավորած վարչական շրջան, լավագույն ձեւավորած կազմակերպություն եւ լավագույն ձեւավորած պատշգամբ։ Արդյունքները կամփոփվեն հունվար ամսին, իսկ հայտերը ընդունվում են yerevan.am կայքում մինչեւ դեկտեմբերի 25-ը»,- ասաց քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։