Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանոնավորապես շոգեբաղնիք եւ բաղնիք հաճախելու դեպքում տկարամտության (դեմենցիա) վտանգը նվազում է: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Age and Ageing ամսագրում:

Ըստ Lenta-ի՝ 20 տարի շարունակ մասնագետները հետեւել են միջին տարիքի 2 հազար տղամարդու առողջական վիճակին: Հետազոտության մասնակիցներին բաժանել են երեք խմբի՝ կախված շոգեբաղնիք այցելելու հաճախականությունից:

Հետազոտողները պարզել են, որ այն կամավորների մոտ, որոնք շաբաթական 4-7 անգամ շոգեբաղնիք են հաճախել, դեմենցիայի ցանկացած տեսակի առաջացման վտանգը նվազել է 66%-ով, ի տարբերություն նրանց, ովքեր շոգեբաղնիք են հաճախել շաբաթական մեկ անգամ: Բաղնիք հաճախակի այցելությունը նաեւ 65%-ով նվազեցրել է Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը:

Մասնագետները հիշեցրել են, որ բաղնիք հաճախելը նպաստում է նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգի նվազմանը: