Մելբուրնի բնակչուհին մոտ մեկ մետր երկարության օձ է հայտնաբերել սուրբծննդյան տոնածառի ճյուղերի մեջ։ Ավելի ուշ պարզվել է , որ այդ օձը պատկանում է վագրանմանների ծայրաստիճան թունավոր տեսակին, հայտնում է BBC–ն։
Կինը խուճապի չի մատնվել, լուսանկարել է օձին ու կանչել օձ որսողներին։ Կանչով նրա տուն ժամանած Բարրի Գոլդսմիթը կնոջը գտել է մյուս սենյակում հանգիստ թեյ խմելիս։ «Հայտնաբերելով օձին, կինը դուրս է եկել սենյակից, դռան տակի ճեղքը փակել սրբիչով ու զանգահարել ինձ»,- պատմել է Գոլդսմիթը։ Նրա կարծիքով օձը տուն է մտել բաց դռնից։
Օձի այդ հազվագյուտ ու թունավոր տեսակի խայթոցից մահացու ելքի հավանականությունը շատ բարձր է։ Վագրանման օձը կարող է մինչեւ երեք մետր երկարություն ունենալ։
Վագրանման օձը համարվում է հազվագյուտ տեսակ ու գտնվում է Ավստրալիայի կառավարության պաշտպանության տակ։ Տոնածառի վրա հայտնաբերված օձին բաց են թողել բնության մեջ։




























