Իրկուտսկում մաքսանենգ «Բոյարիշնիկից» մահացածների թիվը հասել է 48-ի, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» պատմել է Լենինյան թաղամասի դատախազ Ստանիսլավ Զուբովսկին։

Քաղաքի իշխանությունները մտադիր են շարունակել տեղեկատվական արշավը, որպեսզի քաղաքի բնակչությանը տեղեկացնեն հայտնված մաքսանենգ ապրանքի մասին։ Իրկուտսկում հանգստյան օրերին զանգվածաբար հիվանդանոց են տեղափոխվել բնակիչներ, որոնք թունավորվել էին «Բոյարիշնիկ» կեղծ միջոցից։ Փորձագետները 40 ռուբլով վաճառվող այդ «լոգանք ընդունելու խտանյութի» մեջ հայտնաբերել են մեթիլային սպիրտ ու հակաֆրիզ։

«Լեգատ» ԲԲԸ արտադրության լոգանքի համար «Բոյարիշնիկ» խտանյութը փորձագետները երկու անգամ կեղծիք են որակել։ 2009-ին այդ հեղուկը փորձարկել էին Գալենային դեղորայք արտադրողների միության փորձագետները։ Պարզվել էր, որ այն ոչ թե ալոճենու խտանյութ է պարունակում, այլ սննդի էթիլային սպիրտ (70․6 տոկոս պարունակությամբ), գլիցերին ու ջուր, գրում է Lenta–ն։

2016-ի ամռանը այդ նույն արտադրանքը հիշատակվել է տեղի ձեռներեցներից մեկի նկատմամբ Թաթարստան հանրապետության արբիտրաժային դատարանի որոշման մեջ։ Դատավճռում ասվում է, որ «լոգանք ընդունելու համար «Բոյարիշնիկ» խտանյութը կոսմետիկ միջոց չէ, այլ էթիլային սպիրտ, որը բացված է ջրով, ընդ որում էթիլային սպիրտի ծավալային մասնաբաժինը դրանում 64․7 տոկոս է»։

Իրկուտսկում խոսքը կարծես թե կրկնակի կեղծիքի մասին է։ Արդեն պարզվել է, որ այդ հեղուկի կազմում մեթիլային սպիրտ է եղել ու հակաֆրիզ։ Մահացու կոկտեյլ։

«Բոյարիշնիկի» ապօրինի արտադրությամբ զբաղվող արտադրամասը հայտնաբերվել է այն միկրոթաղամասի հարեւանությամբ, որտեղ թունավորումների ամենամեծ քանակությունն էր գրանցվել։