Լեհաստանի ոստիկանությունը Վարշավայում շրջափակել է երկրի խորհրդարանի շենքն ու հետ մղել ցուցարարներին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով PAP գործակալությունը:
Իրավապահները գործել են Սեյմի անվտանգության ծառայության խնդրանքով, քանի որ խորհրդարանի շենքից դուրս տանող տարհանման ճանապարհը փակվել է: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հանվել են նաեւ վառարանները, որոնց շուրջ տաքանում էին ցույցի մասնակիցները:
Ոստիկանները ցուցարարներին խնդրել են կամավոր հեռանալ շենքից: Մարդկանց մի մասը կատարել է պահանջը, սակայն մի քանիսին ուժով են հեռացրել: Ձերբակալվածներ չկան:
Լեհական ընդդիմությունն ուրբաթ օրվա երկրորդ կեսից արգելակել է Սեյմի աշխատանքը: Պատճառը 2017 թվականից խորհրդարանի Ստորի պալատի աշխատանքի լուսաբանման սահմանափակումներն են, ինչպես նաեւ Սեյմի խոսնակ Մարեկ Կուխչինսկու կողմից պատգամավորներից մեկին նիստից հեռացնելու մասին որոշումը: Ընդդիմություն Սեյմի խոսնակի հրաժարականն է պահանջում:



























