Անկարան մտադիր է շարունակել Մոսկվայի հետ համատեղ աշխատանքը, այդ թվում՝ Սիրիայի իրադրության կարգավորման ուղղությամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների մեկնարկին այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

«Վերջին շրջանում Ռուսաստանն ու Թուրքիան ոչ միայն իրենց ժողովուրդներին, այլեւ ամբողջ աշխարհին ցույց տվեցին, թե ինչի կարող են հասնել համատեղ ջանքերով: Եվ մենք մտադիր ենք շարունակել համատեղ աշխատանքը ինչպես Սիրիայում իրադրության կարգավորման, այնպես էլ երկկողմ հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ»,- ասել է թուրք պաշտոնյան:

Կրեմլում էլ վստահ են, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը շահեկան է նրանց համար, ովքեր ուզում են խանգարել Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ սիրիական խնդրի կարգավորման հարցում:

«Դա շահեկան է նրանց համար, ովքեր ուզում են սեպ խրել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, խանգարել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, ընդ որում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ այն հարաբերությունների, որոնք թույլ կտան միավորել եւ ակտիվացնել ջանքերը սիրիական խնդրի քաղաքական կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: