Վերջին տարիներին ամերիկացի զինվորականները բյուջեի միջոցներից 12,4 մլն դոլար են ծախսել, որից ավելի քան 1 մլն դոլարը ծախսվել է խաղատների եւ սթրիփ-ակումբների ծառայությունների վճարմանը: Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի զինված ուժերի գործերով կոմիտեի նախագահ Ջոն Մակքեյնի  զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ ամերիկացի զինվորականները եւ Պենտագոնի քաղաքացիական ծառայողները պետք է այդ ծախսերը վճարեն սեփական միջոցներից, սակայն օգտագործել են ծառայողական վարկային քարտերը: Ծառայողների հանդեպ կարգապահական տույժեր են կիրառվել, սակայն շատ դեպքերում նրանց արարքներն աննկատ են մնացել:
Մակքեյնը նշել է, որ բյուջեից խոշոր գումարներ են ծախսվել նաեւ ճանապարհային ծախսերը փոխհատուցելու համար՝ երբեմն առանց անդորրագրերը ներկայացնելու:
Սենատորն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ՌԾՈւ-ն 12 մլրդ դոլար է ծախսել մերձափնյա գոտու 26 փոքր ռազմական նավերի կառուցման ծրագրի համար, որոնք գործնականում անօգտակար են: «Դրանց վրա տեղակայված միակ սպառազինութունը 30 մմ տրամաչափով թնդանոթներն են, որոնց խոցման հեռավորությունը 2 մղոն է (3,2 կմ): Դրանից զատ, դրանց վրա կարող են տեղակայվել միայն ուղղաթիռներ եւ ոչ մեծ մոտորանավեր»,- նշված է զեկույցում:
Մակքեյնը ԱՄՆ պաշտպանության նախարարությանը նաեւ մեղադրել է «չգործող եւ ոչ մի անգամ չօգտագործված» ուսումնական թիրախներ ստեղծելու համար 375 մլն դոլար անիմաստ ծախսելու մեջ, 58 մլն դոլար՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների մշակման համար, նաեւ 12 մլն դոլար՝ խոտանված պահեստամասեր գնելու համար:
ԱՄՆ-ում զորակոչային տարիքը 18-ից մինչեւ 49 տարեկան է: Բանակում ծառայում է մոտ 1,4 մլն մարդ, պահեստում՝ 851 հազար մարդ: ԱՄՆ բանակի բյուջեն 2014 թվականի դրությամբ կազմում է 578,7 մլրդ դոլար: